«Մեր ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է». Կարեն Կարապետյան
«Մեր ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է»,- այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և մի շարք հանձնարարականներ տվեց կրթական ոլորտի վերաբերյալ:
Ըստ նրա` հարկավոր է համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ, որը կապահովի միջազգային մակարդակի մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զագացումը:
Կ.Կարապետյանը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը, 2-ամսյա ժամկետում ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը, 1-ամսյա ժամկետում շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը, նաև լրամշակել և ներկայացնել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ նախնական` արհեստագործական, և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման` խոշորացման, վերաբերյալ:
Բուհական համակարգում ներդրվող որակի համակարգի վերաբերյալ Կ.Կարապետյանը հանձնարարեց ԿԳՆ նախարարին և մասնագիտական կրթության ապահովման ազգային կենտրոնին մեկամսյա ժամկետում ներկայացնել բուհերում ծրագրային ապահովման գործընթացը պարտադիր դարձնելու և այն բարելավելուն ուղղված առաջարկներ, նաև ներկայացնել առաջադիմության հայեցակարգ, բուհ-տնտեսություն կապն ապահովելու համար:
Վարչապետը հանձնարարականներ տվեց կառավարության և հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` թերությունների վերացման վերաբերյալ տրվող հանձնարականների կատարման հսկողության մասին: Նա նշեց, որ մոտ ապագայում քննարկելու են տրված հանձնարարակաների կատարողականների հսկողությունը: