Բաժիններ՝

«Ապրիլյան գործողությունը մեզ համար քննություն էր՝ նախապատրաստվելու ավելի մեծ ճակատամարտի». Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա սերունդն ավագ սերնդի արժանի իրավահաջորդն է. «Ինչպես Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի իրավահաջորդը դարձանք մենք, այնպես էլ այսօրվա սերունդը արժանի իրավահաջորդն է մեր հաղթանակ կերտած մարտիկների»։

Հարցին՝ այսօրվա տոնը չի՞ «կիսվում»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ հերոսներ այսօր կալանավորված են, օրինակ՝ Սամվել Բաբայանը, նա այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցը ո՛չ տեղին է, ո՛չ էլ ես դրան երբևէ կպատասխանեմ, որովհետև հարցը որոշակի ենթատեքստ ունի, որն այս տոնը մթագնելու ցանկություն է»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախորդ տարվա ապրիլից հետո ի՞նչ ձեռքբերումներ ունենք, և եթե հակառակորդը սադրանքների դիմի, ի՞նչ պատասխան կարող ենք տալ։

«Ապրիլյան գործողություններից հետո բավականին մեծածավալ աշխատանք է կատարվել, և այս պահի դրությամբ իրավիճակի հանգիստ լինելը կապված է զուտ հայ զինվորի սխրանքների և այն բարեփոխումների հետ, որ իրականացվել են Զինված ուժերում։ Ապրիլյան գործողությունը մեզ համար քննություն էր՝ նախապատրաստվելու ավելի մեծ ճակատամարտի։ Կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում դուք հակառակորդի որևէ սադրանքի չեք հանդիպել, բայց ամեն օր, ամեն ժամ հակառակորդը փորձում է վնասել հայ զինվորին, բայց դա նրան չի հաջողվի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս