«Ամենավախկոտ տղամարդն իսկ առյուծ էր կտրում, երբ տեսնում էր՝ իր կողքին՝ զենքը ձեռքին, կին է մարտնչում»
«Արցախյան պատերազմում կանայք մեծ դերակատարություն են ունեցել։ 300-ից ավելի կանայք են մասնակցել Արցախյան պատերազմին. նրանք եղել են դիպուկահարներ, ֆիդայիներ։ Պատերազմի ժամանակ ամենավախկոտ տղամարդն իսկ առյուծ էր կտրում, երբ տեսնում էր՝ իր կողքին՝ զենքը ձեռքին, կին է մարտնչում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը։
Նրա խոսքով՝ ոչ միայն պատերազմի, այլ նաև խաղաղ պայմաններում, երբ կանայք ծառայում են բանակում, տղամարդիկ փորձում են ավելի կիրթ երևալ, չափավոր խոսել, հետևում են անձնական հիգիենային. «Կանայք պետք են և՛ պատերազմի, և՛ խաղաղության ժամանակ։ Ես հիշում եմ 1992թ., երբ մենք պետք է «Պուշկին Յալը» ազատագրեինք, ահավոր ծանր վիճակ էր, այդ ժամանակ մենք նահանջում ու նահանջում էինք, և միայն 1993թ. փետրվարից ենք սկսել առաջ շարժվել։ Այդ ժամանակ, երբ տղաներն արդեն նահանջում էին, կրակեց մեր գնդացիրը, ու բոլորը զարմացած տեսան, որ Կարինե Գևորգյանը ոչ թե չի նահանջում, այլ մոտեցել է գնդացրին ու կրակում է ադրբեջանցիների վրա։ Բոլորը վերադարձան իրենց դիրքերն ու սկսեցին մարտնչել։ Եթե մենք թողնեինք այդ սարսափելի բարձունքը, ահավոր զոհերի գնով պետք է հետ վերցնեինք»։
Նա հիշում է, որ ցնծության մեջ էին, երբ ազատագրվեց Շուշին. «Ամենից շատ ուրախացանք, երբ Շուշիի եկեղեցուց սկսեցին դուրս բերել անթիվ-անհամար արկերի արկղեր, սնարյադներ և այլն»։