«Տարեկան 9-10 մլրդ է ծախսվում աղբահանության համար»
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախարարությունը ներկայացրել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը:
«Ծրագրի նախապատրաստման շրջանակներում նախարարության աշխատակազմի կողմից գույքագրվել և անձնագրավորվել են ՀՀ մարզերում առկա ավելի քան 2000 աղբանոցներ՝ մոտ 500 հա ընդհանուր տարածքով: Մեր երկրում շուրջ 500 և ավելի համայնքում աղբահանություն իրականացնելու համար գումար չեն վճարում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ պրոցեսը դառնա համակարգված, և քաղաքացին գիտակցի շրջակա միջավայրի մաքրության կարևորությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ տարեկան 9-10 մլրդ է ծախսվում աղբահանության համար։
Նախարարը կարևորեց նաև համայնքներում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը. «Ավագանու նիստերի և հանրային նշանակության այլ միջոցառումների (ավագանու նիստեր, ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ)՝ առցանց հեռարձակման հնարավորությամբ ապահովվել են թվով 30 համայնքներ։ Հավատացեք, դա շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է ստեղծվում վերահսկել այդ մարմինների գործունեությունը»։
Դավիթ Լոքյանը նաև նշեց, որ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման շրջանակներում Կոտայքի մարզի վեց դպրոց կմիավորվի. «Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում: Այդ ցանկում են ընդգրկվել, մասնավորապես, ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցը՝ Հատիսի միջնակարգ դպրոցին, Փյունիկի միջնակարգ դպրոցը՝ Արտավազի միջնակարգ դպրոցին միացնելու, Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցի և Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի (տալով միջնակարգ դպրոցի կարգավիճակ) միացումը»։