Բաժիններ՝

Մեր նպատակն է Երևանը դարձնել զբոսաշրջային կենտրոն. Տարոն Մարգարյանի քարոզարշավն Էրեբունիում

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի գործող քաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություներում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը հավաքվածներին վստահեցրեց, որ իրենք առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանը զարգացնելու համար ներկայացնում են հստակ ու իրատեսական ծրագիր:

«Մենք ունենք փորձառու թիմ, որը գիտի երևանցիների բոլոր խնդիրները, նրանց դարդ ու ցավը: Այս տարիների ընթացքում, շփվելով երևանցիների հետ, մենք լսել ենք նրանց բոլոր խնդիրները: Մեր նախընտրական ծրագրում նախանշել ենք այդ խնդիրների լուծումը, ներկայացրել հավակնոտ ու իրատեսական ծրագիր: Վստահ եղեք, որ մեր փորձառու թիմով կարողանալու ենք կյանքի կոչել այդ ծրագիրը»,­- ընդգծեց նա:

Տարոն Մարգարյանը հավելեց, որ անցած տարիների ընթացքում իրենց ուշադրության կենտրոնում են եղել սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրները: «Մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել տասնյակ հազարավոր նման ընտանիքների: Սակայն սա չի նշանակում, որ այստեղ այլևս անելիքներ չունենք: Մենք պետք է այդ ընտանիքների բոլոր խնդիրները լուծենք: Մեր հնգամյա ծրագրում այս ամենն ամրագրել ենք»,-­ ասաց Մարգարյանը: Նա խոստացավ առաջիկա տարիների ընթացքում կապիտալ վերանորոգման ենթարկել Երևանի բոլոր մանկապարտեզները: «Մեր երեխաները հաճախելու են հարմարավետ պայմաններով մանկապարտեզներ, իսկ դրանց աշխատակիցներն ունենալու են իրենց անհրաժեշտ բոլոր պայմանները: Մենք այդ ծրագրի մեկնարկը տալու ենք հենց էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի մանկապարտեզից»,­ վստահեցրեց Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը խոստացավ առաջիկա տարիների ընթացքում Երևանը դարձնել զբոսաշրջային կենտրոն` վերակառուցելով Էրեբունի թանգարանը, Կարմիր բլուրը, Շենգավիթ արգելոցը: «Մեր քաղաքն անվտանգ է, համրարավետ է ու մատչելի, և մենք պետք է այս ամենը պահպանենք ու զարգացնենք, քանի որ չպետք է զիջենք ոչ մի զարգացած քաղաքի: Մեր թիմը տիրապետում է բոլոր խնդիրներին, որոնք ունի երևանցին: Ես ձեզնից մեկն եմ և գիտեմ այն առաջնահերթությունները, որոնք ցանկանում է երևանցին: Վստահեցնում եմ՝ ունենք պրոֆեսիոնալ թիմ, որը կարող է ծառայել մեր քաղաքի բնակչությանը»,­- եզրափակեց Մարգարյանը: Հանդիպման վերջում գործող քաղաքապետը շփվեց հավաքված քաղաքացիների հետ, լսեց նրանց խնդիրները, խոստացավ հետամուտ լինել դրանց լուծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս