«Սա Հայաստանի դիվանագիտության պարտությունն է Ադրբեջանին». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը կարող էր միջազգային մակարդակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման խնդրին մեծ հնչեղություն տալ, ինչը չի արել. «Այդպես Ադրբեջանը կհասկանար, որ այս քայլը կարող է իր համար վտանգավոր հետևանքներ ունենալ, իսկ այժմ Ադրբեջանը գիտակցում է, որ այդ քայլի համար իրեն չեն պատժելու, և արել է դա։ Այո, սա Հայաստանի դիվանագիտության պարտությունն է Ադրբեջանին»։

Ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարության, թե իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ, Ստյոպա Սաֆարյանը նկատում է. «Այն, որ Ադրբեջանին բարի աչքով չեն նայելու, հաստատ է, բայց ասել, որ Ադրբեջանը մեկուսանում է, ներեցեք, սա մեկուսացման մասին չէ, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն այնքան է հզորացել, որ կարողանում է արդեն փակել տալ բավականին հեղինակավոր կազմակերպության մանդատը ոչ թե իր երկրում, այլ օտար երկրում։ Եկեք սթափ լինենք և իրերն անվանենք իրենց անուններով։

Նրա խոսքով՝ այսպիսով ընկնում է ԵԱՀԿ հեղինակությունը. «ԵԱՀԿ-ն կորցնում է ազդեցությունը հակամարտության կողմերի վրա, որովհետև, իհարկե, հակամարտության կարգավորման մանդատը տեղական գրասենյակներով չէ պայմանավորված, իհարկե, այդ մանդատը գոյություն ունի, բայց եկեք հասկանանք, որ այդ մանդատի փոխլրացնող ուղղություններ են եղել տեղական գրասենյակների մանդատները, որոնք իրականացրել են ամենատարբեր ծրագրեր՝ սկսած՝ ականազերծումից, վերջացրած՝ մարդու իրավունքների, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ խնդիրներով։ Դա այն է, ինչ ես անվանում եմ հակամարտության տրանսֆորմացիա, որպեսզի այն լուծում ստանա։

Այժմ գրասենյակը զրկվում է այդպիսի գործիքներից։ Հակամարտության կարգավորման մանդատը, որ 1992 թ. տրված էր ԵԱՀԿ ՄԽ-ին, այժմ  պարզապես այդ խումբը չունի ոտքեր, ձեռքեր, այսինքն՝ չկան այն գործիքակազմերը, որոնք նրան կօգնեին այդ հարցում։ Եթե ՄԽ համանախագահները հայտարարում են, որ հասարակությունները պետք է որոշեն լուծումը, ասացեք, խնդրեմ, եթե խոսքի ազատությունը չզարգանա, եթե մարդկանց միջև շփումները չզարգանան, վստահության ամրապնդման բազմաթիվ միջոցառումներ չիրականացվեն, որոնք նախկինում իրականացվում էին ԵԱՀԿ-ի միջոցով, արդյոք չի՞ բարդանում խնդրի կարգավորումը. Իհա՛րկե բարդանում է»։

Տեսանյութեր

Լրահոս