«Աշնանը դուք սրա ձայնը կլսեք». Հրաչ Բերբերյանը նախազգուշացնում է
«Ձմռան ամիսների ցրտահարությունը հարվածեց դեղձենուն, ծիրանենու մատղաշ շիվերին և այգեթաղ չարած խաղողի այգիներին։ Այնպես որ, այս տարի խաղողի արտադրության խնդիր կունենանք՝ քանակի առումով, իսկ այգիները կվերականգնվեն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ ապրիլի 25-ին ունեցանք հաջորդ ցրտահարությունը։
«Շիրակի մարզում ցրտահարվեցին գարնանացան գարու երիտասարդ դաշտերը, որոնք միանշանակ չորանալու են։ Տավուշի մարզում ապրիլի 27-28-ին ունեցանք պտղի ցրտահարում՝ դեղձենի, արքայախնձոր, խաղողի այգիներ։ Մասիսում և Արարատյան դաշտում ունեցանք կարտոֆիլի դաշտերի ցրտահարություն, որը կարելի է վերականգնել՝ օգտագործելով որակյալ ազոտական պարարտանյութ»։
Բերբերյանը չգիտի՝ ով է ներկրում վրացական պարարտանյութը, իսկ այդ պարարտանյութը տեսել է ֆերմերների մոտ. «Մենք շուկայի ազատականացման կողմնակից ենք, պետք է տարբեր պարարտանյութեր լինեն, ու ֆերմերն ինքն ընտրի՝ որն է իրեն ձեռնտու»։
Մեր զրուցակիցը նորից հիշեցրեց Հայաստան ներկրված 850 տոննա գարու մասին, որի լուրջ քանակություն, իրենց տվյալներով, դեռ մնացել է պահեստներում. «10 օր հետո գարու պահանջարկ չի լինի, ո՞վ է պատասխան տալու այդ վնասների համար։ Գարնանը կունենանք մեկ տարեկան սերմ, որի ծլողականությունը 15-20%-ով պակաս կլինի, եթե հատուկ պայմաններում պահեն։ Դա որպես անասնակեր էլ չի կարելի օգտագործել, որովհետև հատուկ մշակված է»։
Նրա խոսքով՝ անհայտ է մնում, թե ով է որոշել հենց այդ գարին ներկրել. «Մենք հետևողական ենք լինելու այս գարու պատմությանը, աշնանը դուք սրա ձայնը կլսեք։ Սա 200 մլն դրամի վնաս է տվել պետբյուջեին։ Երևի ինչ-որ մեկին ձեռք էր տալիս, որ գարի բերեն, որովհետև, երբ մենք դիմել էինք վարչապետին, որ ավելի ճիշտ կլինի՝ կարտոֆիլ ներկրել, ցանքատարածությունները պակասում են, աղմուկ բարձրացրին, թե Բերբերյանը շահագրգռված է դրանում, որովհետև կարտոֆիլի խոշոր ներկրողներից մեկն է. կեղծ տեղեկատվություն է։
Վերջին 5 տարում մի փաստաթուղթ ցույց տվեք, որ ես կարտոֆիլի ներկրմամբ եմ զբաղվել։ Մեր ֆերմերները զբաղվում են, այո, ուղղակի տարբերությունն այդ մարդիկ չեն հասկանում։ Մեր առաջարկից հետո վարչապետը հանձնարարական տվեց Գյուղնախարարությանը, վերջինս դա մտածված ձախողեց»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում