«Ազատագրումը պետք է սկսենք Երևանից». Զարուհի Փոստանջյանը Սարի թաղում է
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Սարի թաղում։ Կուսակցության ղեկավար և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, թեև Սարի թաղը ոչ բարեկարգված համայնք է, բայց այնտեղի բնակիչներն ունեն հստակ քաղաքացիական դիրքորոշում. «Այդ քաղաքացիական դիրքորոշումը նրանք ցույց տվեցին ամենադժվարին պահին, երբ Երևանում տեղի էին ունենում բողոքի գործողություններ։ Սարիթաղցիներն իրենց համերաշխությունը հայտնեցին և մեզ պաշտպանեցին բռնությունից»։
Փոստանջյանը հավատում է՝ սարիթաղցին այն մարդը չէ, որ ճնշման ներքո գնա ընտրության. «Սարիթաղցին այս անգամ այդ ճնշման ներքո չի գտնվելու, և հանուն իր ազատության՝ մայիսի 14-ին պետք է մարտի գնա։ Ես այդպես եմ ընկալում, որովհետև մենք ազատագրման այլ ճանապարհ չունենք։ Առնվազն, ազատագրումը պետք է սկսենք Երևանից և ճեղքենք այս իրավիճակը։ Ճեղքենք խաղաղ, համաձայնության և համերաշխության ներքո, փոխենք և սկսենք Երևանից»։
Սարի Թաղի մանկապարտեզի կողքով անցնելիս՝ Փոստանջյանն անդրադարձավ նաև Երևանի մանկապարտեզների խնդրին. «Բազմաթիվ մանկապարտեզների շենքեր օտարվել են, շատ մանկապարտեզներ չեն համապատասխանում Երևանի բնակիչների պահանջներին, այսինքն՝ դրանք շատ քիչ են, ու նոր մանկապարտեզների կառուցման խնդիր ունենք։ Նաև քաղաքային իշխանությանը պատկանող հանրային տարածքները պետք է վերածել մանկապարտեզների, որպեսզի բոլոր երեխաներն ընդգրկված լինեն մանկապարտեզներում, հերթեր չլինեն, ու այդ հերթերի համար կաշառքներ չպահանջեն»։