Վարշավայում կկայանա հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունվարի 30-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը դեսպան Ղազարյանն իր գոհունակությունը հայտնեց Լեհաստանի խորհրդարանում ԼեհաստանՀայաստան բարեկամական խմբի ձևավորման կապակցությամբ:
Դեսպանը նշեց, որ 2016 թվականն արդյունավետ տարի էր երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության առումով` շեշտելով ՀՀ ԱԺ փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների այցելությունները Լեհաստան և դրանց շրջանակներում տեղի ունեցած կարևոր հանդիպումներն ու մասնակցությունը Լեհաստանում կազմակերպված միջազգային միջոցառումներին:
ԼՀ Սեյմի փոխնախագահին ներկայացվեց Լեհաստանի Հայ համայնքի կազմավորման 650 ամյակի և հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ սպասվելիք միջոցառումները: Ռիչարդ Տերլեցկին իր հերթին հույս հայտնեց, որ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունները հաստատուն քայլերով զարգացում կապրեն նաև հետագայում:
Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպեց նաև ԼՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Թադեուշ Կոչինսկու հետ։
Հանդիպմանը Էդգար Ղազարյանը շնորհավորեց նախարարի տեղակալին հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա հայ լեհական առևտրատնտեսական կապերի ամրապնդման և զարգացման գործում:
Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններն ու ուղղությունները:
Դեսպան Ղազարյանը Թադեուշ Կոչինսկուն ներկայացրեց Հայաստանում ներդրումներ կատարելու բացառիկ հնարավորությունները, որը նաև պայմանավորված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց 2017 թվականի ընթացքում Վարշավայում կայանալիք հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպական հարցերին: