Ահազանգ. «Երևանը վտանգված է». Կարինե Դանիելյան

«Երևանը երկու հիմնական սելավատար ունի՝ Գետառն ու Հրազդանը: Ճիշտ է՝ Գետառի մի մասն արդեն փակ էր, բայց հիմա այն գրեթե ամբողջությամբ են փակել, նաև աղբով է լցված: Բացի դրանից, քաղաքի հյուսիսային մասում՝ Ավանի կողմերում, երկու մեծ սելավընդունիչ էր կառուցված, հիմա դրանց մի մասը կառուցապատված է, մյուս մասը՝ շինարարական աղբով է լցված: Հրազդանի ափամերձ տարածքում ռեստորաններ են շարված, որոնք ևս վտանգի տակ են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ նկատելով, որ կլիման բավականին անկանխատեսելի է դարձել, և հիմա, եթե ջերմաստիճանը կտրուկ բարձրանա, ու ձյունը հալչի, ապա դրենաժային համակարգն ի վիճակի չի լինի այդքան ջուրը միանգամից ընդունել:

«Ընդ որում, դրենաժային համակարգն էլ է աղտոտված, և շատ տեղերում ուղիները, որոնցով ջուրը պետք է գա դեպի դրենաժային համակարգ, փակված են: կառուցապատում է տեղի ունեցել: Այդ իսկ պատճառով՝ քաղաքից դուրս գալու ջրի ճանապարհները շատ տեղերում խաթարված են: Եվ այս առումով՝ կարծում եմ, որ Երևանն ուղղակի վտանգված է, ապահովագրված չէ սելավներից»,- ընդգծեց նա:

Բնապահպանն ասաց, որ այս հարցը բամիցս բարձրացրել է Բնապահպանության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, սակայն դրական տեղաշարժ չի նկատել:

«Գետառը փակելիս էլ այս հարցը բարձրացրինք: Նախորդ քաղաքապետի՝ Բեգլարյանի ժամանակ, Երևանում ջրհեղեղային իրավիճակ ստեղծվեց, ու մինչև այդ, որ խոսում էինք, իրենք լուրջ չէին ընդունում, հետո Բեգլարյանն ինձ զանգ տվեց, թե՝ էս ի՞նչ ա, էս ինչի՞ համար ա քաղաքում սենց: Ես էլ պատասխանեցի՝ մեռանք ասելով՝ ինչի համար է այդպես: Խորհրդակցություն հրավիրեց, մարդիկ կային, որ անմիջապես դրանով զբաղվել էին, եկան, քննարկեցին, ինչ-որ որոշումներ ընդունեցին, բայց ինչքան հասկանում եմ՝ իրավիճակը չի փոխվել»,- ասաց Կ. Դանիելյանը:

Հետաքրքրվեցինք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և բնապահպանների հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրե՞լ է:

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ այս խնդիրը չեմ բարձրացրել, որովհետև խնդիրները շատ-շատ էին, և առանց այդ էլ՝ իրեն ծանրաբեռնել էինք: Վարչապետը մեզ ասաց. «Էսքան բան, որ լցրիք իմ գլխին, ի՞նչ եք ուզում ինձնից»»,- պարզաբանեց բնապահպանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հավաքել մասնագետներին և քննարկել, թե ինչ կարելի է անել.

«Պետք է սելավընդունիչների հարցը լուծել. չնայած՝ հասկանում եմ, որ, թեկուզ շինարարական աղբից ազատել հնարավոր է, բայց կառուցված շենքերը հնարավոր չէ քանդել: Պետք է տեսնել, թե այդտեղ ինչ կարելի է անել: Գետառը բացել ևս հնարավոր չէ. ռեստորաններ են շարել վրան, բայց գոնե կարելի է աղբից մաքրել, այսինքն՝ այն տարածքը, որ մենք ենթադրում ենք, թե ջուրը պետք է գա՝ գոնե փակ Գետառով անցնի, դա էլ հնարավոր չէ, այդ տարածքը խցանված է: Հիմա որքանո՞վ կկարողանան մաքրել այդ փակ գետը, դա էլ է հարց: Բայց կարծում եմ, որ նեղ մասնագետները կունենան առաջարկներ, թե ինչ կարելի է անել, որովհետև առջևում գարուն է, և մենք բոլորովին ապահովագրված չենք սելավներից»:

Բնապահպանն ընդգծեց, որ այս խնդիրը ոչ միայն Երևանում է առկա, այլ նաև հանրապետության մյուս տարածքներում.

«Մենք 90-ականներին նման դեպք ունեցանք, երբ Դաստակերտում սելավը եկավ, մտավ պոչամբար, և ամբողջ թույնով լի ջուրը լցվեց խմելու ջրի ջրամբար ու բավականին շատ թունավորումներ եղան: Կամ՝ Արթիկի դեպքը, որտեղ մեր բախտը միայն նրանով բերեց, որ միայն քարի թափոններ էին, թույներ չկային, չնայած՝ դա էլ բավականին մեծ վնաս տվեց. ամբողջ քարերը լցրեց քաղաքի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս