«Հայաստանում ֆեյսբուքյան օգտատերերի թիվը վերջին 2-3 ամսում այլևս չի աճում. դրան հակառակ՝ կտրուկ աճում է Instagram-ի օգտատերերի թիվը». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ոլորտի խնդիրներից՝ ասաց, որ ընտրություններին ընդառաջ՝ ներքին շուկայում հնարավոր են հաքերային հարձակումներ.
«Նախկինում նման դեպքեր ունեցել ենք. հաքերային մեծ շուկա կա, որտեղ կարելի է պատվիրել հաքերային հարձակումը: Դա ամբողջ աշխարհում է կիրառվում: Օրինակ՝ Ռուսաստանի կամ Ուկրաինայի «ֆայլաբազարում» կարելի է գտնել մատչելի գներով հաքերային հարձակումներ իրականացնող խմբերի: Բայց հիմնականում քարոզչական պայքարի հետևանքներն են լինելու, այսինքն՝ տեղեկատվական դաշտ են ներխուժելու տարբեր ապատեղեկատվություններ, արդեն իսկ ինչ-որ անհայտ կայքեր են հայտնվում, որոնք օգտագործվելու են՝ որպես այդ ապատեղակտվությունները տարածելու հարթակներ»:
Բայց ըստ նրա՝ սոցիալական ցանցերի խիստ քաղաքականացումն ունենում է նաև հակառակ էֆեկտը.
«2013-14թթ. ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության հետաճ նկատվեց հենց նախընտրական և հետընտրական փուլում: Այսինքն՝ օգտատերերի բավականին մեծ զանգված կա, որը դուրս է գալիս սոցցանցերից՝ խուսափելով քաղաքականացումից: Այդ միտումն արդեն կարելի է տեսնել, որովհետև ֆեյսբուքյան օգտատերերի թիվը վերջին 2-3 ամսում այլևս չի աճում Հայաստանում, իսկ դրան հակառակ՝ կտրուկ աճում է Instagram-ի օգտատերերի թիվը: Վերջին 3-4 ամսվա մեջ 50%-անոց աճ է եղել: Եթե նոյեմբեր-դեկտեմբերին 220 հազար ակտիվ օգտատեր կար, ապա հիմա դրանց թիվը 300 հազարից անցել է: Ֆեյսբուքում օգտատերերի թիվը, իհարկե, մեծ է՝ 1 մլն, բայց Instagram-ի օգտատերերի աճի տեմպերը շատ ակնհայտ են: Երիտասարդներն այս քաղաքականացված դաշտից ուղղակի գնում են ավելի հանգիստ դաշտ, որտեղ կարելի է զմայլվել հարիսայի և խաշի նկարներով»:
Սամվել Մարտիրոսյանը նաև հավելեց, որ կիբերանվտանգության տեսանկյունից հայ օգտատերերի մոտ դրական տեղաշարժ է նկատվում.
«Եթե նայենք տարբեր հակավիրուսային լաբորատորիաների զեկույցներին, ապա Հայաստանը կարծես թե դուրս է եկել ամենավատ երկրների նույնիսկ թոփ 10-ից: Բայց նույնիսկ 13-րդ լինելը լավ չէ, որովհետև, ի վերջո, 200-ից ավելի երկիր կա»: