«Եթե որևէ խնդիր առաջանա, որը կվնասի մեր պետության հետագա գործընթացներին, ամեն ինչ հնարավոր է». Գալուստ Սահակյանը՝ Հովիկ Աբրահամյանին քաղաքական դաշտից հեռացնելու մասին
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակասություններին, և ասաց, որ նման խնդիրներ չկան: Հարցին՝ ի՞նչ գետերի և առվակների մասին են խոսում նախագահն ու նախկին վարչապետը, նա այսպես պատասխանեց.
«Դա մեր կյանքի սովորական ուղին է, որովհետև եթե ինչ-որ ճանապարհով գնում ենք, պետք է մինչև վերջ գնանք: Եթե փորձում ենք ճանապարհից շեղվել, ետ չգալ, բնական է՝ նաև կորցնում ենք»:
Իսկ հարցին՝ հնարավո՞ր է 2015 թվականի փետրվարը կրկնվի, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի նետ վարվեն այնպես, ինչպես Ծառուկյանի հետ վարվեցին, նա այսպես պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ նման իրողություն կա այս պահին, և ոչ էլ պետք է կոնկրետ նշել, թե ում նկատմամբ՝ ինչպես ենք վարվել, ասեմ հետևյալը՝ եթե որևէ խնդիր առաջանա, որը կվնասի մեր պետության հետագա գործընթացներին, բնականաբար, ամեն ինչ հնարավոր է: Բայց այս պահին նման խնդիրներ չեն կարող առաջանալ, որովհետև ընտրական պրոցես է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ խոսե՞լ է Հովիկ Աբրահամյանի հետ, ինչո՞ւ է նա հեռացել ՀՀԿ-ից, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց.
«Իհարկե, խոսել եմ»: Նա հավելեց, որ չի փորձել պարզել Աբրահամյանի հեռանալու պատճառները: