Էդուարդ Շարմազանովը՝ Հովիկ Աբրահամյանի և Սեյրան Օհանյանի հայտարարությունների մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ուշագրավ լեզվաոճական հնարքի դիմեց՝ ասելով, թե «մայր գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»:

Այս խոսքերին արձագանքեց  ՀՀԿ արդեն նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով՝ «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Չուշացավ ՀՀԿ-ականների պատասխանը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառեց. «Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաև մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ: Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ: Իհարկե, ամեն մեկն ինքն է իր ճանապարհի, տվյալ դեպքում՝ հունի, տերը: Ոչինչ հավերժ չէ, սակայն պետք է պահել հրապարակային կյանքի ընդունելի ձևաչափ: Հատկապես, երբ խոսքը գնում է քո նախկին թիմի, քո նախկին թիմակիցների և քո նախկին քաղաքական և ներկա պետական ղեկավարի մասին: Ոչ մի մանդատ, ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու և կեցվածք փոխելու համար: Մարդիկ դա ճիշտ չեն համարում և չեն հասկանում: Բոլորը: Մասնավորապես, նախկին թիմակիցներդ, ում հետ կիսած հացի արժեքն ու անցած ճանապարհը, մեկ է, առվակների ցանկացած հունի դեպքում, տանելու է դեպի անցյալ, որ բախվում է ներկային և մշուշոտ դարձնում ապագան: Հուսամ, մինչև բուն քարոզարշավ նման առիթով կրկին հանդես գալու կարիք չի լինի»:

Այս «փոխհրաձգության» շուրջ զրուցել ենք ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարամազանով, ինչպե՞ս կմեկնաբանեք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե «ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը»:

– Նախ՝ ասեմ՝ լավը չէր գրառումը, որովհետև արհեստական էր և իր ոճի մեջ չէր, և կարծում եմ, այդ գրառումն անողին պետք է ինքը գործից հանի։ Երկրորդը՝ հատկապես «սպանիչ» էր գրառման այս պահը՝ «միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել», այս բարձր ինքնագնահատականը։ Պարոն Աբրահամյանը հաստատ ինձանից լավ գիտի, որ բնության մեջ, բացի առվակներից, վտակներից, գետերից, լճերից, կան ստորգետնյա ջրեր, հոսանքներ, արտեզյան հորեր, որոնք հաստատ իր նշած այդ մի քանի բնակավայրերի փրկությանը չեն նպաստում։

– Իսկ Աբրահամյանը, ի վերջո, ինչո՞ւ դուրս եկավ ՀՀԿ-ից, ինչո՞վ է պայմանավորված այս փոխհրաձգությունը։

– Նախ՝ փոխհրաձգություն չկա, ես բազում անգամներ ասել եմ՝ քաղաքական գործիչն իրավունք ունի ցանկացած պահի ցանկացած որոշում կայացնելու։ Պարզապես քաղաքականության մեջ ընդունելի և տրամաբանական է, երբ քաղաքական գործիչն իր որոշումներում ունենում է քաղաքական դրդապատճառներ և քաղաքական հիմնավորումներ։

Սա իր երկրորդ ֆեյսբուքյան գրառումն է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հովիկ Աբրահամյան քաղաքական գործիչը գոնե մինչ այս պահը որևէ քաղաքական դրդապատճառ կամ հիմնավորում իր՝ ՀՀԿ-ից դուրս գալու համար չի բերել։ Գնալով ավելի են խորանում անձնական պատճառները, իսկ քաղաքականության մեջ անձնական պատճառները, անձնական նեղացածությունը կատեգորիա չեն։ Քաղաքականության մեջ, իսկ Հանրապետականում՝ առավել ևս, գործում է թիմային սկզբունքը, ծրագրերի իրականացման սկզբունքը, և թիմի ղեկավարն է որոշում յուրաքանչյուրի ծառայության չափն ու կարողությունների օգտագործման վայրը պետության շենացման համար։

– Ներքին քննարկումներո՞ւմ էլ Աբրահամյանը չի ասել իր հեռանալու պատճառների մասին։

– Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնանկությունից հետո մի քանի անգամ մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստերին, մասնակցել է նոյեմբերի 26-ի համագումարին։ Դուք որևէ անգամ լսե՞լ եք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գծի հետ ունենա որևէ անհամաձայնություն։ Համագումարում ինքը կողմ է քվեարկել կուսակցության բանաձևին, ԳՄ ընտրությանը, այդ թվում՝ իրեն։ Ինձ համար ընդունելի է, երբ քաղաքական գործչի որոշումները բխում են տրամաբանությունից։

Այս գրառումները մեզ հուշում են, որ քաղաքական տրամաբանությունն ու հիմնավորումը բացակայում են։ Մենք որևէ անձի հետ, առավել ևս՝ մեր նախկին կուսակից գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հաշիվ մաքրելու խնդիր չունենք։ Մենք գնում ենք մեր ճանապարհով։ Ինչպես նախագահը նշեց՝ մեր մայր գետը գնում է իր հունով։ Առվակների խնդիրն է՝ միանա՞լ, թե՞ ոչ։ Ունենալով խոր հարգանք պարոն Աբրահամյանի հետ մեր միասնական գործունեության հանդեպ, նա մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է եղել, և դա մեր կենսագրությունն է եղել, պետք է ասեմ, որ ամեն դեպքում ինքը ո՛չ առաջին գործիչն է, որ լքում է Հանրապետականը, կարծում եմ, ո՛չ էլ վերջին։ Մի քանի հոգի լքել են, 11000 հոգի էլ՝ եկել։ Ապրիլի 2-ի ընտրություններն ամեն ինչ ցույց կտան՝ ով է ճիշտ, ով սխալ։

– «Տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրեր» ասելով՝  նկատի ունի վարչապետ Կարեն Կարապետյանի՞ն։

– Արհեստականը հենց դա է։ Ինքն ակնարկներով խոսելու վարպետ չի։

– Ձեր նախկին թիմակիցներից Սեյրան Օհանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե՝ «եթե մենք չկարողանաք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»։ Սա՞ ինչպես կմեկնաբանեք։

– Ես տեղյակ չեմ, չեմ կարդացել։

– Իսկ ի՞նչն է պատճառը, որ նախկին իշխանավորները միանգամից դառնում են մոլի ընդդիմադիրներ։

– Ես չեմ ընդունում այն իրավիճակը, երբ X պաշտոնյան, քանի դեռ պաշտոն ունի, երբեք որևէ հրապարակային անհամաձայնություն չի հայտնում քաղաքական թիմի կողմից իրականացվող քաղաքական գծի հետ, հենց պաշտոնից դուրս է գալիս, միանգամից դառնում է ընդդիմադիր։

Ուրեմն, սիրելի՛ ընկերներ, մեկ օրում, մի ժամում ընդդիմադիր չեն դառնում։ Երկրորդ՝ բոլոր այն պնդումները, թե պաշտպանության նախարարը պատասխանատու է միայն իր ոլորտի համար, դրա համար ուրիշ հարցի մասին չի խոսել, դրանք անգրագիտություն են։ Ով Սեյրան Օհանյանին նման բան է խորհուրդ տալիս, թող Օհանյանն էլ նրան գործից հանի, որովհետև նման խորհուրդներն ընդամենը տարօրինակ վիճակի մեջ են գցում հենց Սեյրան Օհանյանին։ Նախարարը քաղաքական պաշտոն է, և նախարարը, ով կառավարության անդամ է, պատասխանատու է ողջ քաղաքականության համար։

Նախարարը բաժնի պետ չի, որ միայն իր բաժնի պատասխանատուն լինի։ Եվ նախարարը, առավել ևս՝ Անվտանգության խորհրդի անդամը, եթե անհամաձայնություն ունի երկրում վարվող քաղաքականության հետ, խոսելու իրավունք ունի և՛ Անվտանգության խորհրդում, և՛ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, և՛ առավել ևս կառավարության նիստերի ժամանակ։ Եթե օրինակ բերեք, որ նա որևէ անգամ դեմ է արտահայտվել, ես կասեմ, որ ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում։ Հակառակ դեպքում իրենց պնդումներն ընդամենը տարօրինակ են, հիմնազուրկ և անհարմար դրության մեջ են դնում հենց իրենց։

Տեսանյութեր

Լրահոս