ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ­-ում բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի ոչնչացման հարցը

Հայկական պատվիրակության անդամները շարունակում են ակտիվորեն մասնակցել արդեն չորրորդ օրն ընթացող ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից՝ հավելելով. «Հունվարի 26-­ին ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-­ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Իրավիճակը Սիրիայում և դրա ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով հրավիրված հրատապ կարգով բանավեճի ձևաչափում ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, մշակութային օջախների ոչնչացման և մեծաթիվ սիրիահայ փախստականների հարցը:

Սիրիայում և դրանից դուրս ծավալվող իրավիճակը ԱԺ փոխխոսնակը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է Մերձավոր Արևելքի անմիջական հարևանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է ԻՊ-­ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց՝ տարածաշրջանում և դրանից դուրս:

Մեր երկրի անունից ողջունելով հաստատված հրադադարի ռեժիմը այդ ծանր իրավիճակում, և, հույս հայտնելով, որ այն կհանգեցնի տևական խաղաղության՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա՝ չշրջանցելով նաև հայերին՝ Սիրիայի, Իրաքի և տարածաշրջանի ավանդական համայնքներից մեկին:

«Մեր հայրենակիցներից շատերը կորցրել են իրենց կյանքը ահաբեկչական հարձակումների և ռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները ավերվել են»,­- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ հավելելով, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա հարյուր տարի առաջ, Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների՝ բազմաթիվ արաբական երկրներում ապաստան գտնելու փաստը:

«Այսօր էլ հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, ստիպված են կրկին լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը մեկ շնչին ընկնող սիրիացի փախստականների թվով երրորդ խոշորագույն ընդունող երկիրը Եվրոպայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել փախստականների աջակցման և ինտեգրման ուղղությամբ, առաջարկել փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության և քաղաքացիության տրամադրման ընթացակարգերը: Պետությունը աջակցում է նրանց՝ բիզնեսի ստեղծման հնարավորությամբ, երկարաժամկետ բնակության վայրով, անվճար բժշկական օգնությամբ և կրթաթոշակով:

«Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեքորեն անդրադառնա Սիրիայի փախստականների, ինչպես նաև փախստականների և նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին»,­ իր ելույթում հույս է հայտնել ԵԽԽՎ-­ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ առանձնապես ողջունելի համարելով Կիպրոսի նախաձեռնությունը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի իր նախագահության ընթացքում դիտարկելու մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն:

«Մենք բոլորս մշակութապես աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում Սիրիայի շուրջ տեղի ունեցած բարբարոսական ավերածություններից հետո. Պալմիրան, Հալեպի Ցիտադելը ցայտուն օրինակներ են: Որպես աշխարհի քաղաքացիներ, մենք պատասխանատու ենք և պարտավոր ենք յուրաքանչյուր ջանք գործադրել՝ կանխելու մշակութային օբյեկտների ոչնչացումը թե՛ պատերազմական և թե՛ հատկապես խաղաղ ժամանակահատվածում»,- եզրափակել է ելույթը Հերմինե Նաղդալյանը»:

Տեսանյութեր

Լրահոս