
«Ապրիլյան պատերազմին մասնակցած երիտասարդներին այն կնիքը չեն տալիս, որով կարող են օգտվել արտոնություններից». Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով բանակում առկա խնդիրներից՝ ասաց, որ բոլորովին անպատրաստ երիտասարդները մտնում են կիսափակ հաստատություն և ունենում են բավական ծանր հոգեբանական խնդիրներ, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների պակաս ու չեն կարողանում պաշտպանել սեփական իրավունքները:
Նրա խոսքով՝ բանակում մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են. «Սկսած նրանից, որ ծնողները պարտավոր են լինում բանակ զորակոչված իրենց երեխային ապահովել հագուստով և տարբեր պարագաներով: Պետության պոզիտիվ պարտավորությունն է՝ այդ մարդկանց սպասարկել, տալ բոլոր անհրաժեշտ պայմանները ծառայության համար, բայց չի տալիս: Ծնողի վրա թե՛ սոցիալապես է դա անդրադառնում, թե,՛ միևնույն ժամանակ, հոգեբանորեն: Ծնողը երեխային ուղարկում է երկիրը պաշտպանելու, բայց պարտավոր է նրան ապահովել հագուստով»:
Իսկ ոչ կանոնադրական հարաբերությունները, ըստ իրավապաշտպանի՝ պատճառ են դառնում թե՛ սպանությունների, թե՛, ինչպես որակվում են՝ ինքնասպանությունների. «Ինքնասպանություններ են որակվում այնպիսի դեպքերը, երբ ակնհայտորեն խոշտանգված մարմիններ են լինում: Այդ ժամանակ նաև դատաքննությունն է տարօրինակ կերպով ընթանում, քանի որ ինքնասպանության հասցնելու որակումով նստում են բոլորովին կասկածելի մարդիկ: Այդ դեպքում մենք չենք ունենում արդար դատավարություն, և չի բացահայտվում այն ամբողջ հանցակազմը, որը հանգեցրել է մահվան: Միևնույն ժամանակ, այդտեղ կասկածի տակ է դրվում նաև սպայակազմը: Եվ շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ սպայակազմի անդամները մասնակցություն են ունենում բանակում ոչ կանոնադրական հարաբերություններում տեղի ունեցած սպանություններին ու որակված ինքնասպանություններին»:
Մյուս խախտումները, որոնք ակնհայտ դարձան քառօրյա պատերազմի ժամանակ, բանակում այն երիտասարդների սահմանագծին գտնվելն է, որոնք, իրավապաշտպանի խոսքով՝ սոցիալապես բավական խոցելի ընտանիքներից են.
«Ինչպե՞ս է ստացվում, որ վտանգավոր տեղերում հայտնվում են հենց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այսինքն՝ այդտեղ բացահայտվում է կոռուպցիոն շղթայի առկայությունը: Հիմա մոտենում ենք ապրիլյան ընտրություններին. բանակն ամբողջովին ծառայեցվում է համակարգի, հատկապես՝ Հանրապետական կուսակցության վերարտադրությանը: Սրանք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, որոնք արձանագրված են, բոլոր զեկույցներով ամրագրված են, բայց դրանց վերջը չի երևում: Վերջերս կարդացի, որ ապրիլյան պատերազմին մասնակցած երիտասարդներին այն կնիքը չեն տալիս, որով կարող են օգտվել արտոնություններից: Խոստացված են եղել կրթական, առողջապահական արտոնություններ, բայց դրանցից չեն կարող օգտվել»: