«Այո, ես եմ գլխավորելու ցուցակը». Հրանտ Բագրատյան

Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը

– Պարոն Բագրատյան, այժմ նախընտրական դաշինքների ձևավորման և դիրքորոշումների հստակեցման ակտիվ փուլ է։ Դուք որոշում կայացրե՞լ եք արդեն` մասնակցելո՞ւ եք ընտրություններին, ի՞նչ ձևաչափով։

– Մի քանի օր է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին է, որ վարչությունն է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։

– Դո՞ւք եք գլխավորելու դաշինքը։

– Այո, ես եմ գլխավորելու ցուցակը։

– Դաշինքի մյուս անդամներն ովքե՞ր են։

– Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք` ինչ կլինի, և դաշինք ասելով` հասկանում ենք նաև քաղաքացիական հասարակության որոշ կառույցների հետ, ինչպես նաև` անհատների հետ։

Կթվարկե՞ք` ովքեր են։

– Չեմ թվարկի։

– Խոսակցություններ կան, որ նույն դաշինքում ուժերը միավորելու են Ձեր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, Խաչատուր Սուքիասյանը, «Ելք» դաշինքը, ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ինչպես նաև խոսվում է, որ Ձեր դաշինքում ընդգրկվելու են Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը։

– Ես կոնկրետ անունների չեմ անդրադառնա։ Նորից եմ կրկնում` աշխատում ենք շատ ուժերի հետ։

– «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը խոսել է կուսակցական ցուցակի մասին։ Դա ի՞նչ է նշանակում։

– Չգիտեմ, չեմ լսել։ Մեզ համար կա դաշինք։ Կա դաշինքի կանոնադրություն։ Այս կամ այն կուսակցության ցուցակով հանդես գալը միայն տեխնիկայի հարց կարող է լինել։ Այսինքն` բովանդակային առումով կարող է լինել դաշինք, ձևական հանդես գալ կուսակցական ցուցակով։ Դրանք այս պահին մեկը մյուսին չմերժող թեզեր են։

– Պարոն Բագրատյան, Դուք` Հայաստանում ազատականության հիմնադիրներից մեկը, 90-ականներին սկսել եք բարեփոխումները, և այլն։ Հնարավո՞ր է, որ Դուք հայտնվեք մի դաշինքում այնպիսի գործիչների հետ, որոնք գաղափարական այլ կողմնորոշում ունեն։

– Մեր դեպքում բացառված է, որ հիմքում չլինեն ազատական արժեքները, ինչ դաշինք էլ որ լինի։ Ազատական արժեքներն Արևմուտքում տարածված հիմնական արժեքներն են։ Ազատական է կոչվում այն գաղափարը, որն իր ամբողջ պետական շինարարությունը կառուցում է մարդու իրավունքների վրա։ Կան այլ մոտեցումներ ժամանակակից քաղաքակրթությունում, օրինակ` օրթոդոքսալիզմը, երբ ամենակարևորը պետության շահերն են։ Կա իսլամական աշխարհը, որտեղ կարևորը կրոնի շահերն են։ Կա հարավարևելյան քաղաքակրթությունը` Ճապոնիա, Կորեա, Չինաստան, որտեղ կարևորը կոլեկտիվի շահերն են։ Ես ազատական գաղափարական գործիչ եմ։

– Եվ Դուք արևմտամե՞տ եք համարվում։

– Ազատական լինել` չի նշանակում` արևմտամետ լինել։ Միայն Արևմուտքում չէ ազատականությունը, օրինակ` Սինգապուրը, Ավստրալիան նույնպես ազատական երկրներ են։ Այո, որպես կանոն` ազատական գաղափարախոսությանը հարողները շատ հաճախ լինում են եվրոպական մտածելակերպի, այսպես ասած, պրոարևմտյան, բայց դա չի նպատակը, նպատակն ազատականությունն է։ Մեր ծրագրի հիմքում, իսկ մենք ներկայացնում ենք շատ լուրջ ծրագիր, կտեսնեք, որ կլինի ազատականությունը, և այն լիովին կտարբերվի մյուսներից։ Նշված ուժերի մեջ, իհարկե, կան ուժեր, որ ես չեմ կարող ասել` ազատակա՞ն են, թե՞ ոչ։ Ազատականությունը խոսքերով չի լինում։ Համենայն դեպս, վստահ եմ, ի վերջո, կմնան այն մարդիկ, որ կընդունեն այդ հիմնարար արժեքները։

– Արդեն կան ձևավորված դաշինքներ, որտեղ գաղափարներն առաջին տեղում չեն, դրանք ունեն տարբեր արտաքին կողմնորոշումներ, ոմանք կողմ են ԵԱՏՄ-ին, մյուսները պնդում են, որ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։

– Մեր պարագայում բացառված է, հիմքը կլինի ազատականությունը։

– Բայց արևմտամետությունը դրա հետ կապ չունի՞։

– Ազատական գաղափարախոսությունը շատ տարածված է Արևմուտքում, և միայն այդքանը։ Ես չեմ ընդունում, որ ասում են` արևմտամետ։ Մեր հիմքն ազատականությունն է, մենք հայամետ կուսակցություն ենք, այսինքն` մենք պարտավոր ենք հայամետ լինել։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, դուք գիտեք, որ ես դրական վերաբերմունք չեմ ունեցել այդ միության նկատմամբ։ ԵԱՏՄ-ից անմիջապես դուրս գալու խնդիր չենք դնում, բայց, մասնավորապես, մեր ծրագրում մի կետ կա, որ ասում է, որ եվրասիական տնտեսական տարածքում երրորդ երկրների հետ մաքսատուրքերը Հայաստանի համար չպետք է լինեն ավելին, քան Եվրոպական Ասոցացման համաձայնագրում նախատեսված էր` 4%։

– Դա ի՞նչ կարևորություն ունի։

– Տեսեք, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ մեր երկրի ղեկավարությունը ստորագրեց մաքսային համաձայնագիր, որ ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսից։ Այդ փաստաթղթում ասվում է, որ Հայաստանից երրորդ երկրներ արտահանվող ապրանքների վրա մաքսատուրքի տարիֆները փոքր են, իսկ երրորդ երկրներից Հայաստան բերվող ապրանքների վրա, որոնց կարիքը մենք ունենք, կա մաքսատուրք։ Միայն դրա պատճառով, իմ հաշվարկներով, մենք տուժում ենք շուրջ 220 մլն դոլար։

– Այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ ղեկավարությունը ստորագրել այդ փաստաթուղթը։

– Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ղեկավարությունը պարզապես անպատրաստ է գնում նման հանդիպումների, կամ էլ պարզապես գնում է ռուսներին հաճոյանալու համար։ Իրականում ԵԱՏՄ մաքսային համակարգ չկա, հիմնականում` 99%-ով, ընդունված են Ռուսաստանի Դաշնության մաքսատուրքերը։ Իսկ Ռուսաստանն էներգակիր արտահանող և ոչ թե ներմուծող երկիր է, մինչդեռ մենք ներմուծող ենք։ Մենք հակառակ դաշտերում ենք, արտադրության և սպառման ասիմետրիա ունենք։ Այդ դեպքում տնտեսագիտական տեսությունն ասում է, որ նման երկրները շատ լավ առևտրական գործընկերներ են, բայց վատ թեկնածուներ են միևնույն մաքսային միության մեջ լինելու համար։ Սա մենք պետք է հաշվի առնենք։ Ես կոչ չեմ անում, որ մենք Եվրասիական տնտեսական միությունից դուրս գանք, բայց այդ միությունում Հայաստանի խնդիրն է` ունենալ այնպիսի մաքսատուրքեր, ինչպիսին կարող էինք ունենալ Եվրամիության անդամ երկրների հետ, եթե հանկարծ չմտնեինք ԵԱՏՄ։ Սա շատ կարևոր է։

– Բայց դա հնարավո՞ր է։

– Ինչո՞ւ ոչ։ Վերջապես պետք է աշխատենք։ Վերջերս ԵԱՏՄ էմիսարներից մեկին հարցնում եմ` չէ՞ որ նոր մաքսային օրենսգիրքը մեզ հարմար չէ, ասում է` բայց մենք ձեզանից առաջարկ չենք ստացել։ Եվ ես ուզում եմ ասել` Տիգրան Սարգսյանը, Կարինե Մինասյանը, որոնք գտնվում են Մոսկվայում, և Վաչե Գաբրիելյանը, պատասխան են տալիս դրա համար։ Նրանք Հայաստանի ներկայացուցիչներն են, նրանք Ռուսաստանի ներկայացուցիչները չեն, և շատ հեշտությամբ կարող են փոխել։ Նրանք պարտավոր են պայքարել դրա համար, բայց նման վերլուծական աշխատանք չի տարվում Հայաստանի համար։

– Վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում կարդացի մի զեկույց, որ Դուք ելույթ եք ունեցել Եվրախորհրդարանում և կոչ եք արել, որ ԵՄ-ն ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ։ Ի՞նչ նշանակություն ունի դա։

– Այո, դա գիտական զեկուցում էր, և երկրորդ անգամ խնդրում են, որ ես ԵԽ-ում գիտական զեկույցով հանդես գամ` որպես մասնագետ, և ես հանդես եմ եկել` որպես Հրանտ Բագրատյան, ոչ թե` որպես ՀՀ ներկայացուցիչ, և, լինելով Եվրանեսթի տնտեսական հանձնաժողովի համանախագահ, պայքարել եմ և շրջանառության մեջ եմ դրել այն թեզը, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր ստորագրվի։ Դրանով իսկ ես ուզում եմ հասնել մի իրավիճակի, որ Հայաստանի համար տնտեսական միևնույն նշանակությունն ունենա` լինել ԵՄ-ում թե ԵԱՏՄ-ում։ Այդ դեպքում ընտրության խնդիրը` ԵՄ, թե ԵԱՏՄ, կլուծվի բարիդրացիական հարթությունում։

Եթե այս խնդիրները ՀՀ-ն չի լուծում ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ, ապա այդ միության մեջ մնալն անիմաստ է:

– Դա իրատեսակա՞ն եք համարում։

– Այո, իրատեսական եմ համարում, որովհետև նման կարգավիճակի այսօր ձգտում է և կստանա Մոլդավան։

– Վերադառնալով հայաստանյան ընտրական գործընթացներին` պարոն Բագրատյան, Դուք Ծառուկյան դաշինքի հետ համագործակցության որևէ եզր տեսնո՞ւմ եք։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ լայն կոնսոլիդացիա է ստեղծելու։

– Շատ լավ, նորմալ է, մենք ողջունում ենք նման ցանկությունները։ Կոնկրետ մենք աշխատում ենք մեր ուղղությամբ։ Մեկնաբանել այդ հայտարարությունը չեմ կարող, ավելի լավ է` դիմեք հեղինակներին։ Այս պահին մենք աշխատում ենք մեր ուղղությամբ։

– Եվ ի՞նչ ընտրապայքար եք սպասում, թե՞ժ է լինելու։

– Հուսով եմ` այո։

Տեսանյութեր

Լրահոս