Երևանի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները երթևեկելի են
Վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում Հունվարի 25-ին ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ոչ միայն գլխավոր ու երկրորդական փողոցներում, այլև բակերում, միջբակային հատվածներում, մայթերին, կանգառագոտիներում և այլուր:
Արտակարգ ռեժիմով գործող «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդ` արդյունքն ավելի լիարժեք դարձնելու համար: Գլխավոր և երկրորդական բոլոր փողոցներն այս պահին երթևեկելի են:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: Անդադար տեղումների պայմաններում շարունակվող ձնամաքրումը կշարունակվի ողջ գիշեր»: