Ովքե՞ր կդառնան ՀՀԿ նախագահի տեղակալներ. Կուսակցության խորհուրդը հինգշաբթի կհաստատի նոր ղեկավար կազմը

Առաջիկա հինգշաբթի օրը՝ հունվարի 26-ին, տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև՝ խորհրդի նիստ։ ՀՀԿ-ն պետք է վերջապես հաստատի իր նոր ղեկավար կազմը։ Ընտրվելու են կուսակցության նախագահի առաջին տեղակալը և տեղակալները։ Առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես սպասվում է, կստանձնի ՀՀԿ համագումարում ԳՄ անդամ դարձած վարչապետ Կարեն Կարապետյանը: Թե մյուս տեղակալներն ովքեր կլինեն, թերևս, վերջնականապես պարզ կլինի ՀՀԿ հավաքի ժամանակ։

Ներկայումս, հիշեցնենք, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահը դեռևս Հովիկ Աբրահամյանն է, ով վաղը, ամենայն հավանականությամբ, կլքի ՀՀԿ շարքերը։ ՀՀԿ Նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահը Մուշեղ Լալայանն է, ով մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ կպահպանի՞ արդյոք իր պաշտոնը, թե՞ ոչ։ ՀՀԿ նախագահի մյուս երկու տեղակալներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանն են։ Վերջինիս հետ կապված լուրեր էին շրջանառվում, որ նա շարունակելու է կուսակցական գործունեությունը ՀՀԿ նախագահի տեղակալի պաշտոնում։

Հավելենք նաև, որ ՀՀԿ խորհրդի անդամների թիվն ավելանում է մոտ 20-ով և կհասնի 200-ի։

Տեսանյութեր

Լրահոս