«Մեր որոշման վրա բացառապես մեկ բան կարող է ազդել». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա 5 օրերի ընթացքում դեռևս չի կողմնորոշվի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի հարցում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հիմնավորելով, որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին մասնակցում է ԵԺԿ-ի համագումարին։ Հովհաննիսյանի վերադարձից հետո կուսակցությունը որոշում կկայացնի։
Դիտարկմանը, որ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հույս է հայտնել, որ «Ժառանգությունը» կմիանա իրենց, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ պարոն Մարուքյանը նմանատիպ ցանկություն ունի։ «Ելքը», ըստ էության, կայացել է որոշակիորեն նաև մեր մասնակցությամբ։ Դրա համար իսկապես բացառել պետք չէ, բայց կարծում եմ` մոտակա օրերին ամեն ինչ պարզ կլինի»։
Միաժամանակ, Օսկանյան-Օհանյան-Սարգսյան-Դալլաքյան դաշինքին «Ժառանգության» միանալու հետ կապված սոցցանցերում տարածված քննադատությունները, ըստ Ա.Մարտիրոսյանի, չեն կարող ազդել իրենց որոշման վրա. «Մեր որոշման վրա բացառապես մեկ բան կարող է ազդել՝ տվյալ միավորումն ի՞նչ պայքարի պոտենցիալ կունենա, և մեր պատկերացումները, ծրագրերը որքանո՞վ են համահունչ։ Այդ ուղղորդված ճնշումների փուլը մենք վաղուց արդեն անցել ենք»։