«Ես այն մարդն եմ, որ Ծառուկյանից չի հեռացել, այլ պահել-պահպանել է նրա քաղաքական կուրսը». Տիգրան Ուրիխանյան

«Ես հիմա ներկայանում եմ՝ որպես անհատ, և այս պահի դրությամբ որևէ պաշտոնական տեսակետ «Ալյանսի» կողմից հայտնել չեմ կարող, քանի որ մենք փետրվարի 4-ին կունենանք արտահերթ նախընտրական համագումար և կհայտնենք կուսակցության որոշումը:

Ակնհայտ է մի պարզ բան՝ «Ալյանսի» ստեղծման օրվանից մենք հայտնել ենք այն դիրքորոշումը, որ ընտրություններին չմիավորվելով գնալը կարող է ձեռնտու լինել միայն նրանց, ովքեր փոփոխություններ չեն ուզում: Ես անձամբ կողմնակից եմ եղել իշխանական և ոչ իշխանական դաշտում միավորումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է իր՝ հաջորդ խորհրդարանում լինել-չլինելուն, նա ասաց, որ այդ հարցը ժպիտ է առաջացնում, քանի որ դրա պատասխանն ինքը չպետք է տա.

«Խորհրդարանը ձևավորվում է ՀՀ քաղաքացիների կողմից: Ինձ համար խորհրդարանական 5 տարիները եղել են շատ ծանր ու անշնորհակալ աշխատանքի տարիներ, ուրիշ ոչինչ: Հետևաբար, ես չէ, որ պետք է շահագրգիռ լինեմ այդ ծանր աշխատանքը տանելու մեջ: Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանան, որ ես ԱԺ-ում լինեմ, ապա միգուցե լինեմ: Ես շարունակելու եմ քննադատել, պայքարել գողերի ու հանցագործների դեմ, շարունակելու եմ ոչ իշխանական ընդդիմադիր քաղաքական կուրսը, այդ ամենն անելու եմ չափավորված»:

Հարցին, թե նա առաջիններից մեկն էր, որ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո լքեց ԲՀԿ-ն, այժմ Ծառուկյանը վերադարձել է, հնարավո՞ր է, որ նա միանա ԲՀԿ առաջնորդի դաշինքին, պատասխանեց.

«Առաջին իսկ օրը, երբ Ծառուկյանը հայտնեց, որ չի պատրաստվում գնալ արյունահեղության ու լքում է քաղաքական դաշտը, իր հետ փակ ֆորմատի քննարկման մասնակիցների շարքում խոսքերիս առաջին մասն այն մասին էր, որ ինքս իրենից հետո լքում եմ կուսակցությունը: Այդ գործընթացը տևեց 1-2 շաբաթ: Ծառուկյանի լինել-չլինելը քաղաքական դաշտում ինձ համար եղել է չափազանց կարևոր: Բոլոր նրանք, ովքեր սառած սպասում էին՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ ոչ, պետք է հասկանան, որ նա չի փորձել զբաղեցնել ո՛չ ծայրահեղականների հռետորաբանությամբ հագեցած դաշտը, ո՛չ, առավել ևս, իշխանության: Իր ելույթում նա շատ լավ մատնանշեց այն պատճառները, որոնք իրեն դրդում են վերադառնալ քաղաքականություն»:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի շուրջ ստեղծվող դաշինքին միանալ-չմիանալուն, նա նշեց, որ զբաղեցնելու է այն քաղաքական կուրսը, որը զբաղեցրել է այս տարիների ընթացքում.

«Եթե ես որևէ տեղ լինելու եմ, նշանակում է՝ այդ ուժը կամ այդ դաշինքը գնալու է այդ ճանապարհով: Ես այն մարդն եմ, որ Ծառուկյանից չի հեռացել, այլ պահել-պահպանել է այդ քաղաքական կուրսը, և, եթե իմ կարիքը լինի, կմիանամ: Ինչ վերաբերում է «Ալյանսին», ապա, եթե ընդունեն իմ առաջարկը, մենք կգնանք միասնաբար, բայց դաշինքին միանալուց առաջ պետք է իմանանք՝ ինչ դաշինք է, հետևաբար, այդ հարցի պատասխանը հիմա չեմ կարող տալ»:

Տեսանյութեր

Լրահոս