«Հայկական կողմը պարտավոր է ուշադիր վերլուծել այս իրականությունը, և գուցե պետք է դուրս գալ և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵՏՄ-ից». Լևոն Շիրինյան

«Բելառուսն ավտորիտար ռեժիմով պետություն է, հետևաբար՝ առանց նախագահի իմացության այնտեղ ոչինչ չի կատարվում: Բելառուսը Լուկաշենկոյի կառավարման տարիներին շանտաժով երկար ժամանակ ապրեց Ռուսաստանի գազի, նավթի հաշվին, և Ռուսաստանի ու Ուկրաինայի՝ Եվրոպայի հետ ունեցած հակասությունների վրա շահեց: Հիմա նույնն անում է Ադրբեջանի պարագայում. մերձենալով Ադրբեջանի հետ՝ նա տնտեսական հետաքրքրություններն է փորձում բավարարել նավթի պարագայով ու զենքի վաճառքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանը և Բելառուսի Գլխավոր դատախազության այն որոշմանը, որով պետք է Լապշինին արտահանձնել Ադրբեջանին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ այդ գործի երկրորդ մասն էլ կա:

«Լուկաշենկոն տրոյական ձիու քաղաքական պարտականություններ է կատարում ՌԴ-ի կողմից ստեղծված դաշինքներում՝ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի ներսում, ունենալով որոշակի ակնկալիքներ: Սա պետք է նկատի ունենան ոչ միայն ռուսները, այլև մենք. հայկական կողմը պարտավոր է ուշադիր վերլուծել այս իրականությունը, և գուցե պետք է դուրս գալ և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵՏՄ-ից, որովհետև դրանց իմաստն անհասկանալի է»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա, ըստ նրա՝ զարմանալի ոչինչ չկա, դա պանթյուրքիզմ է:

Տեսանյութեր

Լրահոս