Օքսֆորդում նախատեսվում է հրատարակել հայկական ձեռագրերի թվայնացված ձեռնարկ
Վիեննայի համալսարանի Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը հունվարի 18-ին կազմակերպել էր հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը հայկական ձեռագրերի թեմայով դասախոսություն է կարդել Օքսֆորդի և Վիեննայի համալսարանների պրոֆեսոր Էմիլիո Բոնֆիլիոն, ով, մասնավորապես, ներկայացրել է հայ ձեռագրական մշակույթի զարգացումը պատմության տարբեր ժամանակաշրջաններում՝ ընդգծելով դրանց պատմական, գրական և մշակութային արժեքը, ինչպես նաև զարդարվեստի նշանակությունը: Էմիլիո Բոնֆիլիոն տեղեկացրել է նաև, որ Օքսֆորդում նախատեսվում է հրատարակել հայկական ձեռագրերի թվայնացված ձեռնարկ:
Դասախոսությանը ներկա էին ավստրիացի գիտնականներ, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Վիեննայի համալսարանում դեսպան Կիրակոսյանը հանդիպում է ունեցել նաև Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան, դոկտոր Լիոբա Թայսի հետ։ Վերջինիս հետ քննարկվել են հայագիտության բնագավառում հայ և ավստրիացի գիտնականների միջև համագործակցությունը խորացնելու հարցերը: