«Ուզում ենք տեսնել սկանդալնե՞ր, դատափետո՞ւմ, փոխադարձ հայհոյա՞նք՝ կլինեն». Աբգար Ափինյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին

Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին ինչպես մշակութային քաղաքականությանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձ կատարեցին նաև նախընտրական գործընթացներին՝ ներկայացնելով իրենց սպասելիքներն առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը չի ընդունում մտավորականի և արվեստագետի այն տեսակը, ով խուսանավում է քաղաքական խնդիրներից՝ համարելով դրանք իրեն չվերաբերող ոլորտ. «Շատ կարևոր է մեր ընկալումն ու մեր ցանկությունը՝ հստակ ուզում եմ ասել՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում կունենանք այն, ինչ ցանկանում ենք, հնձելու ենք այն, ինչ կցանենք: Ուզում ենք տեսնել սկանդալնե՞ր՝ դրանք կլինեն: Ուզում ենք տեսնել դատափետո՞ւմ, փոխադարձ հայհոյա՞նք՝ դա էլ կլինի, եթե մենք դա ցանկանանք: Անձնապես ես դեմ եմ դրան և ուրիշ բան եմ ցանկանում տեսնել: Երազում եմ ու ամեն ինչ կանեմ, որ տեսնեմ գաղափարական տարբեր կարծիքների արտահայտում, ծրագրերի առաջադրում, ուզում եմ տեսնել փոխադարձ հարգանքի մթնոլորտ, խստորեն կդատապարտենք նրանց, ովքեր քաղաքական այս սքանչելի առիթը՝ ընտրությունները, կօգտագործեն իրենց ամբիցիաների համար՝ իրենց օգտին վիրավորանքի ճանապարհով ինչ-որ ձեռքբերումներ գրանցելու համար»:

Պարզվում է՝ Աբգար Ափինյանը շատ բարձր է գնահատում  «Հայկական վերածնունդ» ուժի ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով, ըստ բանախոսի, իր հեռուստաելույթներով շատ բան է փոխել մեր հասարակական ընկալումներում. «Կարծում եմ՝ Արթուր Բաղդասարյանի ծրագրերը, եթե դրանք իրագործվեն, կյանքի կոչվեն, կառաջացնեն նոր ծրագրեր, և ահա այսպես է պետք մտնել քաղաքական դաշտ: Մենք ողջունում ենք այս մոտեցումը, և ժողովուրդը, կարծում եմ, պիտի ընտրություն կատարի՝ նայելով ծրագրերին և կատարված աշխատանքին և հեռանկարներին»:

Իր տեսլականը ներկայացրեց նաև Ռուբեն Բաբայանը՝ ասելով. «Ես կարծում եմ՝ ամենամեծ ընտրությունը, որ Աստված տվել է մարդուն, ընտրության իրավունքն է, որովհետև միայն ընտրությունով ես քեզ վրա որոշակի պատասխանատվություն վերցնում: Ընտրությունը հենց դրա համար է՝ այս երկրի և ժողովրդի ապագայի համար է, քո անձնական ապագայի համար: Երբ մենք կեղծում կամ վաճառում ենք, ընտրելու փոխարեն, մենք առաջին հերթին՝ հրաժարվում ենք մեզ բաժին հասած պատասխանատվությունից, իսկ անպատասխանատու հասարակությունը չի կարող ունենալ անպատասխանատու պետություն: Ուրեմն, երբ մենք բողոքում ենք իշխանություններից, որ նա մեր հանդեպ պատասխանատվություն չի կրում, մոռանում ենք, որ առաջին հերթին՝ պատասխանատվությունից հրաժարվել ենք ինքներս՝ ընտրություններին մեր մասնակցության ձևով»:

Ռուբեն Բաբայանը չգիտի՝ ինչպիսի ավարտ կարող են ունենալ առաջիկա ընտրությունները, բայց համոզված է՝ իշխանությունն ու կուսակցություններն են հանրությանը սպասարկող մեխանիզմները, այլ ոչ՝ հակառակը:

Տեսանյութեր

Լրահոս