Ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ Նոր Ուելս նահանգի վարչապետ
Ավստրալահայ քաղաքական գործիչ, գործարար Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ Նոր Ուելս նահանգի վարչապետ: Սա այսօրվա ավստրալական ԶԼՄ-ների թոփ նորությունն է, որին անդրադարձել են գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները (The Sydney Morning Herald, The Age, The Huffington Post, 9news.com.au, The Australian, The Age): Հատկանշական է, որ գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Բերեջիկլյանի հայկական ծագմանն ու իրենց հոդվածներում փորձել են հասկանալ, թե ով է նա ու որտեղից է սերում:
Բանն այն է, որ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Մայք Բերդը որոշել է հեռանալ քաղաքականությունից անձնական պատճառներով: Նրա հավատարիմ աջակիցներից Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի նախկին նախարար, նահանգի առաջին կին գանձապետ Գլեդիս Բերեջիկլյանը, ներկայումս հնարավոր է, որ ընտրվի վարչապետ:
The Huffington Post-ը գրում է, որ Բերեջիկլյանը «Մայք Բերդի աջ ձեռքն է»: Մայք Բեյրդը Fairfax-ի հետ զրույցում նրան բնութագրել է որպես «անհավատալի հավատարիմ, աշխատասեր կին, ով հիանալի վարչապետ կլինի»:
Նշվում է, որ Բերեջիկլյանը հույս ունի ստանձնել վարչապետի պաշտոնը: Նահանգի նոր վարչապետը կընտրվի հաջորդ շաբաթ՝ Լիբերալ կուսակցության ժողովի ժամանակ:
46-ամյա Բերեջիկլյանի նախնիները փրկվել են ցեղասպանությունից: Նրա ծնողները Ավստրալիա են ներգաղթել 1960-ականներին, և Գլեդիսը ծնվել է Սիդնեյում 1970 թ.:
Ավարտել է Սիդնեյի համալսարանը, ստացել արվեստի բակալավրի կոչում, այնուհետ ավարտել է Սիդնեյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, հետո՝ Նոր Հյուսիսային Ուելսի համալսարանը (University of New South Wales): Աշխատել է նաև Ավստրալիայի հայկական կոմիտեում։
Բերեջիկլյանը մինչ քաղաքականություն մուտք գործելը զբաղվել է բիզնեսով, որպես գլխավոր մենեջեր 5 տարի աշխատել է Commonwealth Bank-ում: Այնուհետ հարել է Լիբերալ կուսակցությանը, հաջորդող տարիներին կուսակցությունում զբաղեցրել բարձր պաշտոններ:
Նա Նոր Հարավային Ուելսի նահանգի տրանսպորտի նախարար է նշանակվել 2011թ., այնուհետև դարձել նահանգի գլխավոր գանձապետ:
Բերեջիկլյանը հայտնի է որպես միասեռական ամուսնությունների ջատագով և կողմ է, որ Ավստրալիան փախստականներին երկրում ապաստան տրամադրի: Հայուհին ամուսնացած չէ: