«Կարելի է 20 սցենար նկարագրել ու ասել, որ՝ այո, նա իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում». Թևան Պողոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ձևավորվող դաշինքներին, և արդյո՞ք դրանք որևէ բան կփոխեն ներքաղաքական կյանքում, ասաց, որ առայժմ որևէ վերաբերմունք չունի դրանց նկատմամբ, քանի որ մինչ օրս միայն մարդկանց անուններ է լսում, որոնք պատրաստվում են միմյանց հետ միանալ կամ ինչ-որ համաձայնագրեր են ստորագրում.

«Ինձ չի հետաքրքրում անձերի համախմբումը, ինձ նրանց ծրագրերն են հետաքրքրում: Ինձ չի հետաքրքրում՝ անձը լա՞վն է, վա՞տն է, աչքերն ի՞նչ գույնի են, նվագել գիտի՞, թե՞ ոչ: Երբ ծրագրերը ներկայացնեն, կանդրադառնամ դրանց ու կասեմ՝ հավատո՞ւմ եմ այդ ծրագրերին, թե՞ ոչ:

Այս 25 տարվա ընթացքում հարյուրավոր միացումներ ու բաժանումներ ենք տեսել: Աստված տա, որ այս միացումները նախկին միացումների սխալներից դասեր քաղած լինեն»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող է ինչ-որ բան փոխել, եթե նրանց ձևավորելիք քաղաքական ուժերը ներկայացնեն փոփոխությունների տանող ծրագրեր: Լրագրողների հարցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությա՞մբ է մտնում քաղաքական պայքարի մեջ, նա այսպես պատասխանեց.

«Կարելի է մի քսան սցենար նկարագրել ու ասել, որ՝ այո, նա իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում, կամ՝ «վա՜յ, ռուսական ուժերն են արել», կամ նա այլ տեղերից է ոգևորվել: Թե ինչ է իրականում, պարզ կլինի նրա՝ ներկայացվելիք ծրագրից»: Իսկ այն հարցին, թե ո՞րն է այն քաղաքական բացը, որն ըստ Ծառուկյանի՝ իր հեռանալուց հետո ոչ մի ուժ չի լրացրել, Թևան Պողոսյանն այսպես պատասխանեց.

«Իր տեղը չեմ կարող ասել, բայց առհասարակ՝ կցանկանայի սերնդափոխություն տեսնել: Ես կուզենայի՝ այն դեմքերը գային, որոնք երիտասարդ են, ունակ են ղեկավարելու, մականունավոր չեն: Դա է մեր քաղաքական դաշտի բացը»: Ինչ վերաբերում է իր մասնակցությանն առաջիկա ընտրություններին, նա ասաց, որ, եթե տեսնի այնպիսի ծրագիր, որին կհավատա, ինքը չի սպասի հրավերի, այլ իրեն կառաջարկի տվյալ քաղաքական ուժին:

Տեսանյութեր

Լրահոս