«Հայ խոշոր գործարարներից մեկը որոշել է հարստացնել Թուրքիային». Ահազանգում է Հրաչ Բերբերյանը
«Շիրակի մարզի ֆերմերներից ինֆորմացիա ենք ստացել, որ հայկական խոշոր մի առևտրային կազմակերպություն, որը նրանցից կարտոֆիլ էր ձեռք բերում, հիմա հրաժարվել է հայկական կարտոֆիլից՝ հայտարարելով, որ արդեն Թուրքիայից են ներկրելու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ առայժմ խուսափելով նշել, թե որ խոշոր ընկերության մասին է խոսքը, սակայն ակնարկեց, որ ընկերությունն ունի նաև խոշոր առևտրային ցանց:
«Կարտոֆիլը երբ հասնի սահման, արդեն կհայտարարենք կազմակերպության անունը»,- նշեց Բերբերյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ արդեն դիմել են Պարենի անվտանգության պետական ծառայությանը, որովհետև պրակտիկան ցույց էր տալիս, որ, ինչպես Պարսկաստանից, այնպես էլ Թուրքիայից պարենայինի անվան տակ ներկրված կարտոֆիլը հետագայում սերմացուի անվան տակ է վաճառվում, ինչը, ըստ մասնագետի՝ վարակում է հայկական հողերը: «Եթե նման ներկրող լինի, սահմանի վրա խստագույնս ստուգելու ենք կարտոֆիլը: Մենք ինքնաբավ ենք կարտոֆիլով: Ներկրողը Թուրքիայի ջրաղացին է ջուր լցնում, թուրքերին է հարստացնում: Եթե լոլիկի դեպքում ներկրումն անհրաժեշտություն է, ապա կարտոֆիլի դեպքում ինքնաբավ ենք և դեռ արտահանման միտումներ ունենք: Հետևաբար՝ Թուրքիայից կարտոֆիլ ներկրողն առնվազն անբարոյական մարդ պետք է լինի»,- նկատեց Բերբերյանը:
Նա նաև հավելեց, որ Շիրակի ֆերմերներն այդ խոշոր կազմակերպությանն առաջարկել են ավելի էժան գնով կարտոֆիլ, քան նախկինում է եղել, բայց կազմակերպությունը հրաժարվել է՝ նշելով, որ Թուրքիայից արդեն որոշել են ներկրել: