«Հարցը լկտի էր և պարտադրեց բացահայտել». Շավարշ Քոչարյանը՝ Սերգեյ Լավրովի պատասխանի մասին

Ալիևի ռեժիմի նկատմամբ համապատասխան արձագանքը կա և՛ միջազգային կառույցների, և՛ տարբեր պետությունների կողմից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ դրական գնահատելով նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքը և նշելով, որ որևէ դիրքորոշում չի փոխվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

«Որևէ դիրքորոշում չի փոփոխվել, համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է, հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արել են նրանք, ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել, այդ պարագայում լրագրողն իրեն թույլ տվեց այդ անպարկեշտ մոտեցումը»,- ասաց Շ.Քոչարյանը:

Ըստ նրա՝ Լավրովի կողմից նման պատասխանի է հանգեցրել լրագրողի՝ լկտի ձևով տված հարցը. «Հարցը լկտի էր և պարտադրեց բացահայտել»: Փոխարտգործնախարարի խոսքով՝ ՄԽ դիրքորոշումը նույնն է, և նրանց թերի, անհասցե հայտարարությունները Բաքվին թույլ են տալիս գործել սանձարձակ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարց էր հնչեցրել, թե «օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը միջամտելո՞ւ է Ադրբեջանի ներքին գործերին», իսկ Լավրովը պատասխանել էր, որ «դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ», իսկ «արխիվներում կան տեղեկություններ, թե ինչպես են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները կատարվել, ում կողմից են կատարվել, ում կողմից՝ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս