«Շաբաթական հաշվետվություններ տվեք ինքներդ ձեզ». Կարեն Կարապետյան
Այսօր գործադիրի նիստի սկզբում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց նախորդ նիստերի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականների ուղղությամբ կատարված աշխատանքները:
Նա անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարին, համայնքներում կառավարման արդյունավետության բարձրացմանը և այլն: Ըստ Դ.Հարությունյանի` աշխատանքները շարունակվում են և մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում, օրինակ` թույլտվությունների թվի կրճատման ուղղությամբ և արդեն դրանց թիվը նվազել է 40-ով:
Կ.Կարապետյանը հայտարարեց, որ պարբերաբար հաշվետվություն է տրվելու իր հանձնարարականների կատարման ուղղությամբ. «Կառավարության ծրագիրը պետք է լինի ձեր հսկողության տակ, շաբաթական հաշվետվություններ տվեք ինքներդ ձեզ: Նաև բազմաթիվ օրենքներ բերում ենք 5-10 րոպե առաջ այն դեպքում, երբ այնտեղ որևէ էական փոփոխություն չի եղել: Ձեր ներքին աշխատակազմերին տվեք հանձնարարական, այսուհետ կառավարության նիստ բերվող այն նյութը, որ արտառոց չի, այլ ձեր աշխատակազմի բացթողումն է, մենք համապատասխան վերաբերմունք ենք ցույց տալու»: