«Այսօր ինտրիգը Ծառուկյան դաշինքի հնարավոր մասնակիցներն են». Նաիրա Զոհրաբյան
«Առաջիկայում Դուք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանաք անձամբ պարոն Ծառուկյանից, ինձնից և մեր մյուս գործընկերներից։ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ հստակ ասել է, որ իր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առջև, որոնց նպատակը մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելն է։ Բնականաբար, այսօր երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ դաշինքային համախմբումները շատ ավելի ճիշտ ճանապարհ է մեր երկրի առջև ծառացած լրջագույն, օրհասական խնդիրները լուծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և լայն դաշինք ձևավորելու մասին:
Ըստ նրա՝ այս ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժերի և գործիչների հետ քննարկումներ են եղել. «Բազմաթիվ քաղաքական ուժեր, գործիչներ դիմել են պարոն Ծառուկյանին, հանդիպումներ, քննարկումներ եղել են։ Ես իրավասու չեմ որևէ քաղաքական ուժի կամ գործչի անուն տալու։ Առաջիկայում, կարծում եմ, շատ ավելի հստակ կլինի՝ ձևավորվող դաշինքի ներկայացուցիչները ո՞ր քաղաքական ուժերն են, ո՞ր անհատ գործիչներն են։ Քիչ մնաց։ Ես հասկանում եմ, որ այսօր քաղաքական դաշտում ինտրիգը շարունակում է մնալ Ծառուկյանը, մինչև այս պահը Ծառուկյանի հայտարարությունն էր, այս պահից հետո Ծառուկյան դաշինքի հնարավոր մասնակիցներն են, բայց մինչև քննարկումները, մինչև բանակցությունները չավարտվեն, ճիշտ չի լինի որևէ անուն հրապարակելը»։