Բաժիններ՝

Հայաստանի ազգային պատկերասրահն ամփոփոփում է անցած տարին

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) տեղի ունեցավ 2016 թ. տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հաշվետվություններով հանդես եկան ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանը և գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը` ներկայացնելով նախորդ տարվա միջոցառումները, ինչպես նաև 2017 թ. նախատեսված աշխատանքները:

Ընդհանուր առմամբ 2016 թվականին Պատկերասրահում և 12 մասնաճյուղերում կազմակերպվել է 61 ցուցադրություն: Այս մասին լրագրողներին է հայտնում ասուլիսի բանախոս, գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը՝ շարունակելով ներկայացնել տարին ամփոփող այլ մանրամասներ: Մայր թանգարանում շուրջ 11 ցուցադրություններ նվիրված են եղել Սարգիս Խաչատուրյանի՝ 130, և Արփենիկ Նալբանդյանի 100-ամյա հոբելյաններին:

Անցած տարվա ընթացքում ցուցահանդեսներ են կազմակերպվել հետևյալ խորագրերի ներքո՝ Բաժբեուկ-Մելիքյաններ. «Երկու սերունդ», 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա, Բենիկ Պետրոսյան. «Բրոնզե դար» հետահայաց ցուցադրություն, Աբրահամյաններ, Զորավար Անդրանիկի 150-ամյակ, Իրանական արվեստ, Բորիս Կլեմենտև. «Բարեկամության կամուրջ» և Միրո Պերսոլյա. «Արտացոլանքից անդին», Պլեներ Հայաստան-2016 միջազգային գեղանկարչական սիմպոզիում:

Անդրադառնալով ՀԱՊ-ի 2016 թվականի արտերկրյա ցուցահանդեսներին՝ հաշվետու ասուլիսի ընթացքում հիշատակվեց Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» ցուցահանդեսը, որ կազմակերպվել էր հուլիս ամսին և տևել մինչև նոյեմբեր, և որին ՀԱՊ-ը մասնակցել է 12 աշխատանքներով՝ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանի գլխավորությամբ:

Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը տեղեկացրեց նաև, որ 2016 թվականը հագեցած էր նաև այլ բնույթի միջոցառումներով, այդ թվում՝ գիտաժողով նվիրված Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին, վերապատրաստումներ՝ Չինաստանի Դաշնային Հանրապետությունում և Մոսկվայի Գրաբարի գիտահետազոտական կենտրոնում, նվիրատվություններ, կրթական ծրագրեր, դասախոսություններ: ՀԱՊ-ի կազմակերպած կրթական ծրագրերին անցնող տարում մասնակցել է 158 խումբ, շուրջ 2089 մասնակից, իրականացվել է 12 նոր կրթական ծրագիր:

2016 ընթացքում Ազգային պատկերասրահ և նրա 12 մասնաճյուղ է այցելել 80861 այցելու, որից Մայր թանգարան՝ 55795, իսկ մասնաճյուղեր՝ 25066 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս