«Մենք խոսել ենք տեղի մասին, այլ ոչ թե կոնկրետ անձի». Քրիստ Մարուքյանը հերքում է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

«Արմենիա» հեռուստաընկերության Ռ-էվոլյուցիա հաղորդաշարի շրջանակում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ ինչո՞ւ է «Հայկական վերածնունդը» Վանաձորի ՏԻՄ ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու, ներկայացրել կրիմինալ հեղինակության՝ Արկադի Փելեշյանին, հակադարձեց, թե՝ Փելեշյանը քրեական ո՛չ անցյալ, ո՛չ ներկա չունի, իսկ եկեղեցականին ծեծելու փաստը տխուր միջադեպ էր, որը կարող էր պատահել բոլորի հետ:

Հարցին էլ, թե՝ կասկածներ կային, որ Արկադի Փելեշյանին բերման ենթարկելու և բաց թողնելու գինը եղել է իշխանությունների հետ «Հայկական վերածնունդի» ստվերային պայմանավորվածությունը, որ նրա 4 ավագանու անդամներ թաքուն քվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, նա պատասխանեց, որ դա հնարավոր չէ, քանի որ, ըստ 3 կուսակցությունների («Լուսավոր Հայաստան», ՀՎԿ և ԲՀԿ) միջև կայացած բանակցությունների և համաձայնագրի՝ իրենց առաջարկած քաղաքապետի թեկնածուն դառնալու էր Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, հետևաբար՝ իրենք դա չէին անի, և դա անվանեց դավաճանություն, ստորություն:

Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, սակայն, նշում է, որ կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, թե ով է լինելու Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալը:

«Մենք ոչ թե առաջարկություն էինք արել հենց իրենց քաղաքապետի թեկնածուին, այլ ասել էինք, որ Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալի տեղը պատկանելու է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:

Երբ մենք հասնեինք այդ վիճակին, կտեսնեինք, թե «Հայկական վերածնունդը» կոնկրետ ում թեկնածությունն է առաջադրում այդ պաշտոնի համար: Այսինքն՝ մենք խոսել ենք տեղի մասին, այլ ոչ թե կոնկրետ անձի մասին: Կոալիցիոն ուժերն իրար հետ այդ հուշագիրը ստորագրել էին այդ համամասնությամբ՝ քաղաքի կառավարումը ստանձնելու մասին, բայց թե հետագայում ում կողմից ով կառաջադրվեր, դա չի քննարկվել: Այդ էտապին չենք էլ հասել արդյունքում»,- պարզաբանեց Ք. Մարուքյանը:

Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե պատրա՞ստ է Աստվածաշնչի վրա երդվել, որ իրենց կուսակիցները չեն քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, Արթուր Բաղդասարյանը պատասխանել էր, որ պատրաստ է երդվել ոչ միայն Աստվածաշնչի վրա, այլև՝ բոլոր սրբերով: Քրիստ Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ սա չի՞ նշանակում է, որ, ըստ Արթուր Բաղդասարյանի՝ ԲՀԿ-ից է եղել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին ձայն տվողը, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել: «Եկեք՝ դա չմեկնաբանեմ, որովհետև ուրիշ դաշտ ենք մտնում»,- եզրափակեց Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս