«Պետք չէ Աստծուն խառնել այդ քաղաքական կեղտոտ և անմաքուր գործընթացներին». Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Բաղդասարյանին

«Արմենիա» հեռուստաընկերության Ռ-էվոլյուցիա հաղորդաշարի շրջանակում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է «Հայկական վերածնունդը» Վանաձորի ՏԻՄ ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու, ներկայացրել կրիմինալ հեղինակության՝ Արկադի Փելեշյանին, հակադարձեց, թե՝ Փելեշյանը քրեական ո՛չ անցյալ, ո՛չ ներկա չունի, իսկ եկեղեցականին ծեծելու փաստը տխուր միջադեպ էր, որը կարող էր պատահել բոլորի հետ:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս հայտարարությանը: «Ես ծանոթ չեմ Արկադի Փելեշյանի անցյալին և ներկային, և, անկեղծ ասած՝ որևէ ցանկություն չունեմ ծանոթանալու նաև նրա ապագայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե կասկածներ կային, որ Արկադի Փելեշյանին բերման ենթարկելու և բաց թողնելու գինը եղել է իշխանությունների հետ «Հայկական վերածնունդի» ստվերային պայմանավորվածությունը, որ նրա 4 ավագանու անդամներ թաքուն քվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, նա պատասխանեց, որ դա հնարավոր չէ, քանի որ, ըստ 3 կուսակցությունների («Լուսավոր Հայաստան», ՀՎԿ և ԲՀԿ) միջև կայացած բանակցությունների և համաձայնագրի՝ իրենց առաջարկած քաղաքապետի թեկնածուն դառնալու էր Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, հետևաբար՝ իրենք դա չէին անի, և դա անվանեց դավաճանություն, ստորություն: Մյուս հարցին էլ, թե պատրա՞ստ է  Աստվածաշնչի վրա երդվել, որ իրենց կուսակիցները չեն քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, Արթուր Բաղդասարյանը պատասխանել էր, որ պատրաստ է երդվել ոչ միայն Աստվածաշնչի վրա, այլև՝ բոլոր սրբերով:

Նաիրա Զոհրաբյանին հարց ուղղեցինք՝ սա չի՞ նշանակում, որ, ըստ Արթուր Բաղդասարյանի՝ ԲՀԿ-ից է եղել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին ձայն տվողը:

«Ընդհանրապես, Աստվածաշնչի վրա ես կարող եմ երդվել և երաշխավորել միայն ինձ համար, որևէ երկրորդի համար որևէ մեկը ո՛չ կարող է երաշխավորել, ո՛չ երդվել: Եվ երկրորդ՝ խորհուրդ եմ տալիս բոլորին՝ Աստվածաշունչը, Աստծուն, սրբերին հանգիստ թողնել: Կա փաստ՝ ԲՀԿ-ն ունի ընդամենը 3 ավագանի, իսկ 4 ավագանի ուղղակիորեն վաճառվել են Հանրապետական կուսակցությանը: Թե որ կուսակցության համամասնական ցուցակից են եղել այդ ավագանիները («Հայկական վերածնունդի՞», «Լուսավոր Հայաստանի՞», թե «Բարգավաճ Հայաստանի՞»), ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ես կարող եմ ասել, որ բացառում եմ ԲՀԿ-ի 3 ավագանու մասնակցությունը այդ կեղտոտ դավադրությանը»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն ունի բոլոր փաստերը, որ իր ավագանու անդամները պահել են իրենց խոսքը, և ըստ մեր զրուցակցի՝ այդ փաստերը տրամադրվել են նաև Էդմոն Մարուքյանին:

«Բոլոր պայմանավորվածությունները, թե ինչ կերպ պետք է նշումներ աներ ԲՀԿ-ի 3 ավագանին (երեք տարբեր նշումների մասին է խոսքը), պահվել են:  Այդ բոլոր նշումները հաստատել է ընտրական տեղամասում «Լուսավոր Հայաստանի» հանձնաժողովի նախագահը: Ինձ հետ զրույցում նա ասել է, որ ԲՀԿ-ի հետ կապված խնդիր չունեն, ԲՀԿ-ն պայմանավորվածությունը պահել է: Այդ հավաստիացումն ինձ մոտ կա, փաստերն ինձ մոտ կան»,- ասաց նա:

ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ հիմա ամենաանշնորհակալ գործը վհուկների որս անելն է. «Այն քաղաքական ուժը, որը կարող է ասել, որ իր շարքերում չեն կարող գտնել մի ստորի, ստահակի կամ տմարդու, ուրեմն՝ այդ քաղաքական ուժը թող քար նետի բոլորի վրա: Եթե ՀՀԿ-ն 4 հոգու գտել է, որոնք չեն ունեցել այդքան տղամարդկություն, որ հրապարակային կանգնեն և ասեն, որ սատարում են Մամիկոն Ասլանյանին, դա արել են թաքուն ու հիմա էլ չունեն այդքան տղամարդկություն, որ կանգնեն-ասեն՝ լավ ենք արել, ապա թող ՀՀԿ-ն իր եփած բորշն ուտի: ԲՀԿ-ի ավագանիները որևէ պարագայում, մինչև չբացահայտվի, թե ովքեր են այդ չորսը, ավագանու նիստերին չեն մասնակցելու՝ անկախ նրանից՝ այդ նիստերին կմասնակցե՞ն «Լուսավոր Հայաստանը» և «Հայկական վերածնունդը», թե՞ ոչ: Իսկ Աստվածաշունչ, սրբեր, երդումներ և այլն, ես կարծում եմ, որ դրանք պետք է թողնել մի կողմ, և Աստծուն չխառնել այդ քաղաքական կեղտոտ և անմաքուր գործընթացներին»:

Տեսանյութեր

Լրահոս