Հինգշաբթի օրը ՀՀԿ գործադիր մարմինը կքննարկի նախընտրական ցուցակների հարցը

«Քննարկումները սկսվել են՝ ռեյտինգային և համապետական ցուցակների հետ կապված։ Քննարկումներն ընթանում են, օրենքով սահմանված ժամկետներում մենք կներկայացնենք մեր ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հինգշաբթի օրը գործադիր մարմնի հերթական նիստն է, որի ընթացքում կազմակերպչական հարցեր կքննարկենք, նաև կքննարկենք ցուցակների տեսքի հետ կապված հարցեր, բայց վերջնական դժվար թե այս շաբաթ ավարտենք աշխատանքները, հատկապես՝ մենք նաև նախընտրական ծրագրի վրա ենք աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ նախընտրական ցուցակների հետ կապված աշխատանքները կավարտվեն մինչև փետրվարի սկիզբ և կներկայացնեն։ Թե ցուցակների ինտրիգը որքա՞ն կպահեն, Է.Շարմազանովը վստահեցրեց, որ արհեստական չեն ձգձգի, բայց արհեստական էլ չեն շտապի, սահմանված ժամկետում՝ փետրվարի 6-16-ը կներկայացնեն։

Թե հայտնիներից ո՞վ չի լինելու ՀՀԿ ցուցակում, Է.Շարմազանովը չբացահայտեց՝ նշելով, որ քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ, համաձայնեցված չէ ոչինչ և անուններ չեն հնչեցնում։

Անդրադառնալով կանանց ներկայացվածության խնդրին, քանի որ նոր օրենսդրությամբ ցուցակների յուրաքանչյուր 4-րդը պետք է կին լինի, Է.Շարմազանովը հավաստեց, թե ՀՀԿ-ն կին թեկնածուների պակաս չունի. «ՀՀԿ կանայք շատ ակտիվ են։ Ցուցակում կլինեն կանայք, երիտասարդներ, ոչ կուսակցականներ, նոր գործիչներ, փորձառու գործիչներ, կլինեն նաև նոր մարդիկ։ Մենք մեզ չենք դավաճանում, մենք գնում ենք մեր սկզբունքներով»։

Տեսանյութեր

Լրահոս