«Թուրքերը հերթական անգամ «գցելու» են ռուսներին». Լևոն Շիրինյան
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումն ասել էր, թե երբ ԱՄՆ-ում Հիլարի Քլինթոնը հաղթի, նա ռուսական կիտրոնը քամելու է մինչև վերջ: «Եթե նա իշխանության գա, Ռուսաստանին Ամերիկայի ոտքերի տակ տրորելու է թե՛ ֆինանսապես, թե՛ տեխնոլոգիապես: Ռուսաստանն այս ակտիվությունը կկորցնի: Դրա համար ԱՄՆ-ում ապրող հայությունը պետք է ամեն ինչ մի կողմ դնի ու քվեարկի Քլինթոնի օգտին: Ռուսական արջը կունենա զբաղմունք՝ թաթերը լիզել սեփական հայրենիքում, ոչ թե ճանկերը երկարացնել այս տարածք»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ղարաբաղի հարցերին Ռուսաստանը չի կարողանա խառնվել:
168.am-ը զրուցեց քաղաքագետի հետ՝ պարզելու համար, թե Թրամփի ընտրությունը և նրա հայտարարություններն առ այն, որ չի բացառվում՝ ապագայում կարող են չեղարկվել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ի՞նչ ազդեցություն կունենան տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի ու Ղարաբաղի հարցի վրա:
«Ես ասել եմ, որ ռուսները կունենան գործողության ազատություն, եթե ամերիկացիները դեմոկրատների գիծը չշարունակեն, բայց Թրամփը, ըստ էության, շարունակում է այդ գիծը: Այսինքն՝ զիջումներ չեն լինելու, իսկ մնացած հայտարարությունները, թե հարաբերությունները կլավանան, և այլն, հերթական խոսակցություններ են: Թրամփը նաև ասաց, որ, եթե Ռուսաստանն այլ վարքագիծ դրսևորի, կլինեն ավելի դաժան, քան Քլինթոնը կլիներ: Իմ մտահոգությունները հարաբերական իմաստով դուրս են գալիս, բայց սպասենք հունվարի 20-ին»,- պարզաբանեց քաղաքագետը՝ նշելով, որ հանրապետականները նույն քաղաքական գիծը կդրսևորեն:
Ըստ նրա՝ հանրապետականների թիմն այնպիսին է, որ ռուսների ակնկալած զիջումները չեն լինելու, թեև այդ վտանգը դեռ չի բացառում. «Տարբեր հայտարարություններով դեմոկրատները նախազգուշացրել են, որ, եթե հանրապետականները պրոռուսական քաղաքականություն վարեն, նրանք կսկսեն իմպիչմենթի գործընթաց: Ճիշտ կլիներ, որ ԱՄՆ պետական շահերը չճանաչեին «Ռուսաստանի ազդեցության գոտիներ» արտահայտությունը: Այս պայմաններում մենք Ռուսաստանի համար կդառնանք չափազանց ցանկալի պետություն, որը չի հակադրվում ԱՄՆ-ի շահերին»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետն ընդգծեց՝ եթե Հայաստանում 5-րդ շարասյունն օտար շահեր չպաշտպանի, ապա մենք կհասնենք այնտեղ, որ Ռուսաստանի ակտիվությունը չափավորվի: «Դա է իմ մտահոգությունը: Երբ Ռուսաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում չափավորվում է, մենք դառնում ենք դաշնակիցներ, Ռուսաստանի համար դառնում ենք չափազանց ցանկալի: Մենք պետք է գործենք այնպես, ինչպես մեր հետագա շահերն են թելադրում»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն այս ընթացքում պարտավոր է հետևել զարգացումներին ու ուղղությունը փոխել դեպի Իրան: «Իրանի հետ մտերմությունը մեզ կտա անվտանգություն, Հայաստանում հողին կհանձնվեն բոլոր նրանք, ովքեր կցանկանան հողեր հանձնել: Իրանի համար բացառիկ արժեք ունի հայկական կողմի հետ երկու պետականությունների սահմանի երկարությունը: Դա նաև տնտեսական ու մշակութային առաջընթացի բոլոր հնարավորությունները կտա մեզ: Ուղղակի հիվանդը պետք է առողջանալու ցանկություն ունենա»:
Լևոն Շիրինյանը նաև ընդգծեց, որ իր «ասածը հակառուսական ոչինչ չունի», և այն բխում է ՀՀ պետական շահերից: Նա նաև հավելեց. «Ռուսներին չեն փրկի նաև Թուրքիայի հետ մերձեցման այն դաժան փորձերը, որ անում են: Ռուսները հերթական անգամ թուրքերից «գցվելու» են, որ փորձում են ամեն կերպ դուր գալ թուրքերին: Այդ երկու երկրները փորձում են շանտաժով իրար հետ միանալ, բայց չեն միանա»: