«Կարեն Կարապետյանը որևիցե շանս չունի մնալու». Արմեն Գրիգորյան
«Ըստ Սահմանադրության՝ արգելվում է ընտրությունների ժամանակ թեկնածու գրանցել վերջին 4 տարում Հայաստանում չբնակված անձին։ Հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է լինել և պետք է բնակվել Հայաստանում։ Սա ավելի է հստակեցնում, որ Կարեն Կարապետյանը նույնիսկ, եթե մնա վարչապետի պաշտոնում, ապա նա կմնա մինչև հաջորդ տարի փետրվարը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա նախագահի պաշտոնից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով այսօր ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու մասին, մասնավորապես, որ վերջին 5 տարիներին ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապրել է Երևանից դուրս, և, եթե դա օրերի քանակի սահմանափակմանը չհամապատասխանի, ապա ինքը ՀՀ համամասնական ցուցակում չի ընդգրկվի։
Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանը չի կարող ունենալ պաշտոնում մնալու երկարաժամկետ պլաններ. «Կարծում եմ՝ Հանրապետականը՝ հենց թույլ չտալով, որ Կարապետյանը ցուցակով անցնի, սահմանափակում է հետագայում վարչապետ դառնալու նրա հնարավորությունները»։
Ա. Գրիգորյանի կարծիքով՝ սա հստակ ծրագիր է, որովհետև վերջերս նկատվում էր, որ Կարեն Կարապետյանը փորձում է ավելի երկարաժամկետ պլաններ ներկայացնել, բայց եթե ինքը ցուցակում չլինի, և չլուծվի այդ հարցը, նա նաև 2018-ից հետո չի կարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։
«2018 թ. փետրվարից ուժի մեջ է մտնում նաև կառավարության անդամի հանդեպ նման պահանջ, որ նա վերջին 4 տարիներին մշտապես բնակված լինի ՀՀ-ում։ Նախկին Սահմանադրությունում դա չկար, նոր Սահմանադրության 148-րդ հոդվածն ասում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
Իսկ պատգամավորին ներկայացվող պահանջում, որը 48-րդ հոդվածն է, ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Այսինքն՝ փետրվարից հետո նաև այս պահանջն է դրվելու, և այստեղ Կարեն Կարապետյանը որևիցե շանս չունի մնալու կառավարության մեջ»,- ասաց Ա.Գրիգորյանը՝ հավելելով, որ այս պահին այդ պահանջը չկա, և ապրիլյան ընտրություններից հետո նա կարող է շարունակել վարչապետ լինել, բայց 2018 թ. փետրվարից հետո միանշանակ չի ունենա այդ հնարավորությունը։