
Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաև առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը:
Կարևորելով մարզերում ներդրումային ծրագրերի խթանումն ու իրականացումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու և աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին և առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը:
Առաջարկվել է նաև Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝ գործարարների համար բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր և արդյունավետ կազմմանը:
Հաջորդիվ կառավարությունում քննարկվելու են նաև մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները: