ԿԸՀ-ն ծանրաբեռնված աշխատում է
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակտիվ աշխատանքներ են ընթանում Կենտրոնական ընտրական հանձնաժողվում։ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ին տեղեկացրեց, որ այսօր ավարտվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին և դաշինքներին տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի գնի հրապարակման ժամկետը, և մինչև օրվա վերջ ցուցակը կհրապարակվի։
«Ծանրաբեռնված աշխատում ենք, ժամանակացույցի համաձայն՝ բոլոր գործառույթները կատարվում են»,- ասաց Հ. Հարությունյանը։
Անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ-ում ընտրողների թիվը, ըստ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության ներկայացրած տեղեկանքի, 2 մլն 564 հազար 334 է։
Կուսակցությունների և դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն փետրվարի 2-16-ը, իսկ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի փետրվարի 16-26-ը։
Հ. Հարությունյանը նաև նշեց, որ սկսվել է նաև լրագրողների հավատարմագրումը, որը կշարունակվի մինչև մարտի 18-ը։ Հիշեցնենք, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության օրը տեղամասերում լուսաբանում իրականացնելու համար յուրաքանչյուր ԶԼՄ կարող է հավատարմագրել մինչև 50 լրագրողի։