
ԿԳՆ-ն ծախսել է 13.5 մլն դրամ՝ առանց մրցույթի գնումների համար

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. պետբյուջեով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ԿԳՆ-ին հատկացվել է 13 մլն 563.3 հազար դրամ։
ԿԳՆ-ն «Էներգոսիսթեմ» ընկերությանը 6 կիլովոլտ լարման մալուխների տեղափոխման ու սնուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վճարել է 9 մլն 596.3 հազար դրամ, արտաքին ջրամատակարարման և կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 3 մլն 150.5 հազար դրամ, չինական աշխատակազմի ժամանակավոր բնակավայր և շինանյութի ժամանակավոր պահեստ կառուցելու համար 2017 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 1000 քառակուսի մետր հողատարածքի վարձակալության ծախսերի փոխհատուցման նպատակով՝ 500 հազար դրամ, և 6 կիլովոլտ լարման մալուխների տեղափոխման ու սնուցման, արտաքին ջրամատակարարման և կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման նպատակով՝ 316.5 հազար դրամ:
Այս աշխատանքների համար գնումները նախարարությունն իրականացրել է առանց մրցույթների՝ հարցման արդյունքում ամենացածր գին առաջարկած կազմակերպություններից՝ մալուխների տեղափոխման ու սնուցման շինարարական աշխատանքների իրականացման գնումը՝ «Էներգոսիսթեմ» ՍՊԸ-ից, արտաքին ջրամատակարարման և կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների իրականացման գնումը՝ «Շինմաստեր» ՍՊԸ-ից, չինական աշխատակազմի ժամանակավոր բնակավայր և շինանյութի ժամանակավոր պահեստ կառուցելու համար հողատարածքի վարձակալության ծախսերի փոխհատուցման գնումը՝ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հ/կ-ից, աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունները՝ «Արման-Թաման» ՍՊԸ-ից, հեղինակային հսկողության ծառայությունները՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ից։