
Սիրիայի կառավարությունը հաստատել է Հալեպի վերականգնման ծրագիրը

Սիրիայի կառավարությունը հաստատել է Հալեպ քաղաքի վերականգնման աշխատանքների ծրագիրը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Ծրագիրը ներառում է ճանապարհների բացում, քաղաքը ջրով ու էլեկտրականությամբ ապահովում: Իշխանությունները պետք է գնահատեն նաև ավերածությունների ծավալն ու որոշեն, թե որ շինություններն են ենթակա վերականգնման:
Համաձայնեցվել է նաև կրթության նախարարության համար հրատապ պլանը, որը ենթադրում է 6 ամսվա ընթացքում քաղաքի արևելյան շրջաններում 50 դպրոցի վերականգնում: Հաջորդ ուսումնական տարեսկզբին պլանավորվում է վերականգնել 100 դպրոց:
Սիրիայի կառավարությունը հանձնարարել է ներքին գործերի նախարարությանը սկսել պարեկություն իրականացնել ու վերականգնել ոստիկանական բաժանմունքները:
Առողջապահական ոլորտում աշխատանքները ներառում են 5 բժշկական կենտրոնների և 2 հիվանդանոցի վերականգնում:
Նախատեսվում է նաև երկաթուղային հաղորդակցության և օդանավակայանի վերականգնում: