«Նոր տարում դեստրուկտիվիզմն ավելի կշատանա». Մանվել Սարգսյան
Ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը, կառավարության փոփոխությունը՝ 2016 թվականի 3 լրջագույն իրադարձություններն էին։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը։
«Հայաստանն ավելի ինտենսիվ միջազգային փոփոխությունների փաթեթի մեջ է ներգրավվում, որովհետև ապրիլյան պատերազմը Ղարաբաղում միանշանակ բոլոր գլոբալ փոփոխությունների հետ կապված երևույթ էր։ Եվ մենք տեսնում ենք, որ ամբողջ տարածաշրջանը՝ ուզում է թե չի ուզում, ներգրավում է պրոցեսների մեջ»,- ասաց Մ.Սարգսյանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի նոր որոշումները՝ ավելի ինտեգրել ՀՀ բանակը՝ ՀՕՊ-ը և միասնական զորամիավորումը ստեղծելով, նույն միտումներն են և մյուս տարի կշարունակվեն։ Մ.Սարգսյանը նշեց, որ էական փոփոխություն միջազգային պրոցեսների ուղղություններում չկա, դրանք նույն ուղղությամբ զարգանում են, ավելի կոնֆրոնտացիոն և ավելի գլոբալ են դառնում, բոլորը սպասում են, թե ինչ է անելու ԱՄՆ նոր նախագահը.
«Ես կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ միտումները կշարունակվեն, փոփոխությունների դարաշրջան է, և դրանք ավելի են նշմարվում, և, հավանաբար, դեստրուկտիվիզմն ավելի կշատանա»։
Մ.Սարգսյանի խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանում ընտրական պրոցեսներում արտաքին ուժերի ազդեցությունը քիչ չի լինի. «Արտաքին շրջանակների քաղաքական ազդեցությունը շատ մեծ է Հայաստանում, անգամ կառավարության փոփոխության փաստում էլ եմ տեսնում միջազգային ազդեցություն։ Ընտրական գործընթացների հետ կապված՝ հիմա ամեն ինչն օրինականացրել են նոր օրենքներով, այնպես է արված, որ վերջում կստանան այն արդյունքը, ինչ ուզում են։ Եվ տպավորություն է, որ բոլոր կուսակցություններին էլ ձեռք է տալիս այդ իրավիճակը, ընդամենը փորձում են այդ պրոցեսներում տեղ գտնել, դրսևորվել ինչ-որ ձևով»։