«Ես մաղթում եմ, որպեսզի մեր հասարակության մոտ լավատեսության շատ մեծ էներգիա ձևավորվի». Արտակ Զաքարյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այս Ամանորը դիմավորում է Արցախում, իր կառուցած տանը։
«Առաջին անգամ այնտեղ ընտանիքով գնում ենք նշելու Նոր տարին։ Ամեն տարի ես մեկնում եմ այն դիրքերը, որտեղ 20 տարի առաջ անցկացրել եմ իմ ծառայությունը, և 2 տարի Նոր տարին դիմավորել եմ խրամատներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ 2017 թ. համար ամենամեծ մաղթանքը խաղաղությունն է. «Մաղթում եմ, որ 2017-ն առաջին հերթին՝ խաղաղության տարի լինի, մաղթում եմ, որ 2017-ին մենք ամեն օր մամուլը բացելուց՝ չկարդանք այնպիսի դժբախտ լուրերի մասին, ինչպիսին պատահարներն են, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհերն են, ինքնասպանություններն են, որոնք մեր հասարակության համար արդեն իսկ դառնում են լուրջ մտահոգվելու առարկա։ Ես մաղթում եմ, որպեսզի մեր հասարակության մոտ լավատեսության շատ մեծ էներգիա ձևավորվի։ Ասածս մի փոքր կարող է հեքիաթային թվալ, բայց այնուամենայնիվ, ես դրա հիմքերը տեսնում եմ։
Յուրաքանչյուրիս մեջ ուղղակի ավելի շատ հավատ ու լավատեսություն պետք է կարողանանք դնել։ Իսկ վատատեսական տրամադրությունները, նույնիսկ լավ զարգացումների դեպքում, երբ շուրջն ամեն ինչ բարեփոխվում է, կարգավորվում է, վատատեսական տրամադրությունները պահում են ճնշված միջավայրում, մթության մեջ։ Ես ուզում եմ, որ լավատեսական տրամադրությունները, լավատեսական լուրերը, լավատեսական սպասելիքները և միջավայրը մեր քաղաքացու համար շատ լինեն մյուս տարի։ Եվ այն, ինչ կախված է քաղաքական համակարգից, մենք դրա համար, իհարկե, ամեն ինչ անելու ենք, որ այդպես լինի։
Բայց միևնույն ժամանակ՝ ամեն ինչ չէ, որ կախված է քաղաքական համակարգից, շատ բաներ կախված են այն էներգետիկայից, որ մենք մեր շուրջը ձևավորում ենք։ Ինչքան դրական լիցքերով ձևավորենք, այնքան շատ կարողանալու ենք մեկս մյուսին ապագա լինել, առաջ մղել և բոլոր ընդհանուր գործերը հաջողել»։