«2016-ը շատ կարևոր էր նախընտրական տրամադրությունների ձևավորման առումով». Արտակ Զաքարյան
«Կարևորագույն իրադարձությունները Հայաստանի համար, իմ համոզմամբ, իհարկե, ապրիլյան պատերազմում մեր ներքին և արտաքին քաղաքական զարգացումներն էին և նաև պաշտպանական ամբողջ համալիրի կազմակերպումը, որի արդյունքում և որից հետո շատ հարցերում արվեցին հետևություններ, շատ խնդիրներ, որոնք ուշադրությունից դուրս էին մնացել, արագ ստացան լուծումներ և շարունակում են ստանալ։
Ղարաբաղյան կարգավորման հիմնահարցում, բանակցային գործընթացում մենք հասանք կարևոր ևս մեկ հանգրվանի՝ ԼՂՀ-ն որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Բանակցային գործընթացն առաջ տանելու և խաղաղությունը լիարժեք դարձնելու համար մեզ անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ և, երրորդ, սեփական դիրքերը և խաղարարար նախաձեռնությունները պաշտպանելու համար մեզ անհրաժեշտ է ամուր անվտանգային համակարգ և խորը, երկարատև համագործակցություն ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական նշանակության հարցերում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ամփոփելով անցնող քաղաքական տարին։
Ըստ նրա՝ քաղաքական առումով բարեփոխումները շարունակական են, և հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած ներքաղաքական երևույթները, որ ավելի շատ հանցագործության ոլորտի երևույթներ են, այնուամենայնիվ, սոցիալական և սոցիալ-հոգեբանական առումով որոշակի հետևությունների անհրաժեշտություն են բերում։ Ա.Զաքարյանի կարծիքով՝ այդ առումով նաև կառավարության փոփոխությունը նոր ակնկալիքների, նոր սպասումների, նոր գործելաոճի հնարավորություն տվեց։ Հուսանք, որ առաջիկայում՝ հաջորդ տարվա ընթացքում, նաև շոշափելի արդյունքներ կլինեն։
«Շատ կարևորում եմ Հռոմի պապի այցելությունը Հայաստան և այն խորագիրը, որի ներքո տեղի ունեցավ այցելությունը։ Դա Հայաստան պետության և հայ ժողովրդի իմիջի համաշխարհայնացման, մեր հոգևոր մշակութային արժեքներին նոր լիցքեր հաղորդելու մի շատ կարևոր նախաձեռնություն էր։ Մենք այս տարի նշեցինք մեր 2 պետությունների կայացման, ձևավորման 25 տարիները։ ՀՀ-ի համար 25 տարիները լավ հանգրվան են, որպեսզի կարողանանք հետադարձ հայացքով ամբողջությամբ վերլուծել մեր բացթողումները, ձեռքեբրումները, վերագնահատել մեր առաջիկա անելիքները»,- ասաց պատգամավորը։
Ա.Զաքարյանը շատ կարևորեց նաև 2016 թ. «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության» գլոբալ ֆորումի շարունակությունը, որը հաջորդ քայլով պետք է դարձնել Հայաստանի կողմից ձևավորվող հարթակ՝ այսօրվա աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքների և մարտահրավերների ֆոնի վրա խոսելու մարդկության դեմ կատարվող բոլոր տիպի հանցագործությունների դեմ միասնական պայքարի անհրաժեշտության մասին։ Նրա կարծիքով՝ դա պարբերաբար հաջողվելու է։
«Ներքաղաքական առումով կարևոր էր նաև նոր Սահմանադրության պարագայում մի շարք սահմանադրական նշանակություն ունեցող օրենքների և իրավական դաշտի կարգավորումը։ Արտաքին քաղաքական առումով մենք շարունակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը, միաժամանակ՝ ակտիվ առաջ մղելով ԵՄ-ի հետ մեր նոր իրավապայմանագրային դաշտի ձևավորման աշխատանքները, և հուսով ենք, որ 2016-ին ձեռք բերված շատ ու շատ համաձայնությունները, տարբեր փուլերում կատարված աշխատանքներն ամուր հենարան են լինելու 2017-ին ամուր և լիարժեք բանակցված փաստաթուղթ ունենալու և ստորագրելու համար։
Եվ, իհարկե, 2016-ը շատ կարևոր էր նախընտրական տրամադրությունների ձևավորման առումով, նախընտրական զարգացումներով և ընտրություններից առաջ քաղաքական ու կուսակցական դաշտի կողմից քաղաքական մտքի ձևավորման, քաղաքական ասելիքի և քաղաքական հարաբերությունների կառուցման տեսակետից»,- նշեց Ա.Զաքարյանը։