
Շարմազանովը դրական է գնահատում ՀԱՊԿ նախագահի հայտարարությունը ադրբեջանական սադրանքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը Տավուշի մարզում: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներրի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Տեղյակ եք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Չինարի գյուղի շրջակայքում իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի արդյունքում մեր զինված ուժերը տվել են զոհեր: Ցանկանում եմ առաջին հերթին իմ և կուսակցության անունից ցավակցություն հայտնել զոհվածների մերձավորներին և ընտանիքներին:
Եվ, բնականաբար, Ադրբեջանի այս գործողությունն ապացուցում է, որ այդ երկիրը շարունակում է մի քաղաքականություն, որը միտված է ապակառուցողականությանը: Սա վտանգ է նաև տարածաշրջանի անվտանգությանը: Մենք սա դատապարտում ենք և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության այս գործողությունը: Ավելին, գտնում ենք, որ այսօրվա իրականացրած դիվերսիոն գործողության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որով վերջինս սադրանք է որակել Ադրբեջանի գործողությունները: «Մենք դրական ենք համարում այդ հայտարարությունը նաև այն առումով, որ Բորդյուժան իր հայտարարության մեջ օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը:
Չեմ կարծում, որ դա վրիպակ է, որովհետև ՀԱՊԿ-ի նման լուրջ կառույցը նման վրիպակ թույլ չի տալիս: Գտնում ենք, որ սա շատ խիստ դիվանագիտական բառապաշարով արված հայտարարություն էր` ուղղված Ադրբեջանին: Ես ակնկալում եմ, որ նման խիստ գնահատական կտա նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որովհետև Ադրբեջանն այսպես է պատասխանում Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ընդունված սկզբունքներին և պայմանավորվածություններին»,- ասաց Շարմազանովը: