Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները հստակեցրել են 2017-ի անելիքները
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, միջոցառումների պատասխանատուների կողմից նախ ներկայացվել են նախորդ նիստում պլանավորած աշխատանքների կատարման ընթացքը, հստակեցվել՝ 2017 թվականին մարզերի և համայնքերի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համատեքստում իրականացվելիք աշխատանքները, քաղաքաշինության բնագավառի՝ մշակման, վերանայման և տեղայնացման ենթակա նորմատիվ փաստաթղթերի ցանկը:
Կարևորվել է հատկապես միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը տեղական շինարարական նորմերի համաձայն իրականացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք ներդրող կազմակերպություններիի միջոցների հաշվին տեղայնացնելու հարցը:
Նիստի ընթացքում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում բյուջետավարման հարցերի և շինարարության ոլորտում գնումների գործընթացի բարելավման, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի զարգացման հեռանկարային ծրագրի մշակման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, շենքերի և շինությունների հուսալիության բարձրացման, քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի և քաղաքաշինության պետական վերահսկողության խնդիրների կանոնակարգման հարցերը: Քննարկման արդյունքում հստակեցվել են հետագա անելիքները և միջոցառումների կատարման ժամկետները: