«Եթե համակարգը թարախակալված է, այդ թերապևտիկ միջոցները խնդիրը չեն լուծում». Արտեմ Ասատրյան
«Այս պահին իրավական գնահատական չեմ տա, դա իրավական մարմինների գործառույթների շրջանակում է, և դուք գիտեք, որ գործը քննության շրջանակում է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խոսելով նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի ձերբակալության մասին:
Ա.Սողոյանի աշխատանքի հետ կապված՝ նախարարը նշեց, որ, երբ ինքը Սողոյանին առաջարկել է գալ այս համակարգ, երկու խնդիր էր դրված` համակարգը մաքրել այն բոլոր երևույթներից, որոնք դրսևորվում են քաղաքացիների հետ հարաբերություններում և որոնց վերաբերյալ անընդհատ եղել են այդ մտահոգությունները։ Սակայն, ըստ Ա.Ասատրյանի, երբ որևէ հարցադրում է եղել, չի նշվել որևէ անուն-ազգանուն, որպեսզի հնարավոր լինի ձերբազատվել:
«Իր մասնագիտական որակները ես շատ բարձր եմ գնահատում»,- ասաց նախարարը:
Նրա կարծիքով՝ համակարգային լուծումներ պետք է առաջարկվի, որպեսզի ծնող պատճառները վերացվեն, և այդ ուղղությամբ Սողոյանը միջազգային կառույցների հետ շատ ծանր աշխատանք է արել: Ա.Ասատրյանի խոսքով՝ տարեկան 75 հազար մարդ առնչվում է այս համակարգին, և ցանկացած փոփոխություն կարող է և դրական, և բացասական արդյունքներ ունենալ:
Ա.Ասատրյանը չհամաձայնեց, որ Ա.Սողոյանը քավության նոխազ է, միաժամանակ նշելով, որ նաև չի կարող կասկած հայտնել իրավապահ մարմինների գործողությունների մասին. «Եթե ես նույնիսկ մի փոքր տեղեկատվություն ունենայի, այդպիսի բան չէր կարող լինել: Երևույթը բերեք համակարգային դիտարկենք: Կոնկրետ դեպքի իրավական գնահատական այս պահին մի ուզեք»:
Ա.Ասատրյանը նշեց, որ հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված բողոքները վերջին շրջանում նվազել էին, այսինքն՝ աշխատանքի որակն էր բարձրացել:
«Եթե համակարգը թարախակալված է, այդ թերապևտիկ միջոցները խնդիրը չեն լուծում, այսինքն՝ պետք է անցնել վիրահատական միջոցների: Ավելի լավ է՝ մի հատ ցավացնել ու բուժել, ոչ թե անընդհատ ցավով ապրել: Նոր մոդելը խնդիրը լուծում է, ամբողջ տրամաբանությունը փոխվում է»,- ասաց նա։
168.am-ի հարցին, թե արդյոք իրավապահ մարմինները նախարարությունում շարունակո՞ւմ են ստուգումներ իրականացնել, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Իրավապահ մարմիններն իրենց գործառույթները կատարում են»: