«Միջերկրական ծովի շրջաններից թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին». Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ կլիմայական առումով ունեցել ենք վայրիվերումներով եղանակակլիմայական պայմաններ։ «Տեղումների քանակն ու օդի ջերմաստիճանը սովորաբար եղել են նորմայից բարձր կամ ցածր»:
Մառախլապատ եղանակի մասին խոսելով՝ նա ասաց, որ սա ամպամածություն չէ, այլ Արարատյան դաշտի էֆեկտն է. «Երբ Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, և միևնույն ժամանակ մեր հանրապետությունում սկսվում է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցում, այդ տաք օդային հոսանքներն անցնելով Արարատյան դաշտում լճացված տաք օդային հոսանքների վրայով՝ խտանում են ու առաջացնում այս մառախուղը»:
Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին՝ նա ասաց, որ այսօր, դեկտեմբերի 30-31-ին հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը պահպանվելու է: «Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի հատվածում և Վայոց Ձորի, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը, ընդ որում՝ մառախուղը խիտ կլինի առավոտյան և գիշերային ժամերին: Մառախուղի հետևանքով ճանապարհներին առաջանում է մերկասառույց, այնպես որ, հրավիրում ենք մեր վարորդների զգոնությունը, որ հատկապես գիշերը և առավոտյան շատ զգույշ լինեն:
Օդի ջերմաստիճանն այս երեք օրերին էապես չի փոխվի, իսկ ահա արդեն Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ին անցումը, Միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին և հունվարի 1-ին, 2-ին մենք գտնվելու ենք թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում: Հունվարի 1-2-ին ամբողջ հանրապետությունում կամպի, և հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Երևանում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում սպասվում է թույլ ձյուն: Բայց տեղումների քանակը լինելու է շատ փոքր:
Օրինակ՝ Երևանում հունվարի 1-ին կանխատեսվում է ընդամենը 1-2 սմ ձյուն: Հունվարի 3-ից տեղումները կդադարեն: Իսկ օդի ջերմային ֆոնն առաջիկա 5 օրերի ընթացքում, մինչև հունվարի 3-ը ներառյալ, էական փոփոխություններ չի կրելու, միայն հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում արդեն օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի՝ մոտ 3-4 աստիճանով»,- ասաց նա: