«Երկու կողմից էլ զոհեր կան». Գևորգ Ալթունյան
Ինչպես արդեն տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Մեր տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 3 զոհ:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող հստակ ասել, թե քանի զոհ ունի հայկական կողմը. «Զոհեր երկու կողմից էլ կան, ուղղակի մարտական գործողությունները դեռ այս պահին շարունակվում են, այսինքն՝ մինչև մարտական գործողությունները չավարտվեն, լիարժեք տեղեկատվություն տալ զոհերի կամ վիրավորների թվի մասին, բնականաբար, չենք կարող»:
Նշենք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը lragir.am-ին տեղեկացրել է, որ Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա: Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից: