Բաժիններ՝

Կյանքից հեռացել է դեսպան Աշոտ Եղիազարյանը

Կյանքից հեռացել է անվանի դիվանագետ, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Կենսագրական տվյալներ

Աշոտ Եղիազարյանը ծնվել է 1943թ. հունիսի 16-ին Երեւանում:

Կրթությունը

1965թ. – ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:

1973-1976թթ. – ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր, ստացել է դիվանագետի, միջազգային հարաբերությունների պատմության մասնագետի որակավորում։

Աշխատանքային փորձ

1965-1968թթ. – Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե

1968թ. – ՀԽՍՀ ԱԳՆ երկրորդ քարտուղար

1973թ. – ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ՝ բաժնի պետ

1976թ. – ԽՍՀՄ ԱԳՆ Աֆրիկայի բաժնի երկրորդ քարտուղար

1976-1983թթ. – Անգոլայում ԽՍՀՄ դեսպանության 2-րդ քարտուղար, այնուհետեւ՝ 1-ին քարտուղար

1983-1987թթ. – ՀԿԿ կենտկոմում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ

1989-1991թթ. – ՀԽՍՀ ԱԳՆ փոխնախարար

1991թ. մարտի 28-ից դեկտեմբերի 9-ը – ՀՀ արտգործնախարարի տեղակալ, առաջին տեղակալ, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար

1991-1993թթ. – Միջազգային հարցերով ՀՀ վարչապետի օգնական

1995-1996թթ. – ՀՀ ԱԳՆ եվրոպայի երկրների վարչության պետ

1996-1998թթ. – ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի երկրների վարչության պետ

1998-2007թ. – Սան Պաուլուում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս

2007-2010թ. – ՀՀ ԱԳՆ ԱՄՆ վարչության խորհրդական

2010-2014թթ. – Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճանը

2002թ. հուլիսի 30-ին շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Պարգեւներ

1983թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության եւ անձնվեր աշխատանքի համար» Պատվո նշան շքանշանով:

2001թ. եւ 2009թ. պարգեւատրվել է «ՀՀ դիվանագիտության ասպարեզում երկարատեւ եւ անբասիր աշխատանքի համար», «Դիվանագիտությանը մատուցած ծառայությունների համար» ՀՀ ԱԳՆ հուշամեդալներով եւ դիպլոմներով:

Աշոտ Եղիազարյանի աշխատանքային հարուստ փորձը մեծ նշանակություն ունեցավ նորանկախ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում՝ նպաստելով դիվանագետների նոր սերնդի մասնագիտական հմտությունների ձեւավորմանը եւ դրանց զարգացմանը:

Աշոտ Եղիազարյանի` անսահման բարությամբ եւ մարդասիրությամբ, արժանապատիվ անհատականությամբ օժտված հմուտ դիվանագետի, հայրենասերի եւ մեծ հայորդու վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-21:00՝ Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00` նույն վայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս