Անավարտ երգ. ավիաաղետում զոհվել են Ալեքսանդրովի անվան անսամբլի գրեթե բոլոր՝ 65 անդամները
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Սև ծովում աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի մեծ մասը Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներ էին, որոնք պետք է ելույթ ունենային Սիրիայում գտնվող ռուս զինծառայողների համար:
«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան՝ շնորհավորելու Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիախմբի Ամանորը «Խմեյմիմ» ավիաբազայում: Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր թռիչքից 20 րոպե անց:
Ինքնաթիռում գտնվել են նաև զինծառայողներ, ռուսական «Առաջին ալիքի» և «Զվեզդա» հեռուստաալիքի 9 լրագրող:
Ուղևորների թվում են նաև ՌԴ ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովն ու Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովը:
Ավիաաղետին զոհ են դարձել անսամբլի 65 անդամները՝ բացառությամբ 3 մենակատարների:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի մեներգիչ Վադիմ Պետրովիչ Անանևն իր գործընկերների հետ Սիրիա չէր ուղևորվել՝ նախընտրելով մնալ տանը՝ իր նորածին որդու կողքին:
«Սիրիա էին ուղևորվում իմ ընկերներն ու գործընկերները, շուրջ 50 մարդ, բայան և բալալայկա նվագող երաժիշտների խումբը: Նրանք պետք է մեկ համերգ տային և վերադառնային: Չգիտեմ՝ ինչ ասել: Ես չգնացի ընտանեկան հանգամանքների պատճառով:
Բոլորովին վերջերս ծնվել էր իմ որդին, ընտանիքի երրորդ երեխան, այդ պատճառով մնացի տանը՝ կնոջս օգնելու»,- ասել է երգիչը:
Lenta.ru-ն հրապարակել է այդ եզակի կոլեկտիվի լուսանկարները, որը դարձել էր Խորհրդային Միության ու Ռուսաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկը: