
Դեկտեմբերի 26-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ը, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել Ադլերից Լաթաքիա ուղևորված և Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վաղը Ռուսաստանում կհայտարարվի համազգային սգո օր»,- ասել է նա լրագրողներին:
Սոչիում այսօր կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռով Սիրիայի Լաթակիայի շրջան ուղևորվողների թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 64 անդամները: Բացի զինվորականներից և արտիստներից՝ Սիրիա ուղևորվող ինքնաթիռում գտնվել են նաև НТВ, «Զվեզդա» և «Առաջին ալիք» հեռուստաալիքների 9 լրագրողները:
Դատելով հրապարակված ցուցակից՝ ինքնաթիռում գտնվել են նաև հայկական ազգանուններով ուղևորներ: Նրանց թվում նշվում են Ալեքսանդրովի անվան երգի-պարի երաժշտական անսամբլի անդամ Գեորգիյան Ա. Տ-ի և գնդապետ Վահանով. Ա. Ի.-ի անունները:
Ուղևորների ցուցակում է նաև ռուս բարեգործ, մասնագիտությամբ բժիշկ, ակտիվիստ Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր «Բժիշկ Լիզա» անունով: Ուղևորների թվում է եղել նաև ՌԴ ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովն ու Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովը: